Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է 1996 թվականին Արթրիտի և ռևմատիզմի միջազգային կազմակերպության (ARI) կողմից: Նախաձեռնությունն առաջացել է արթրիտի տարբեր ձևերի և ռևմատիկ հիվանդությունների մասին տեղեկատվություն տարածելու անհրաժեշտությունից, որոնք հաճախ սխալ են ընկալվում կամ թերագնահատվում: Տարիների ընթացքում այն վերածվել է միջազգայնորեն ճանաչված արշավի, որին աջակցում են մի շարք առողջապահական կազմակերպություններ:
Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը գլոբալ իրազեկման օր է, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը արթրիտի և այլ ռևմատիկ ու հենաշարժական հիվանդությունների վերաբերյալ, մարդու կյանքի վրա դրանց ազդեցության մասին իրազեկելու, ախտանշաններին ու կանխարգելիչ միջոցներին ծանոթացնելու համար և հետագա բարդություններից խուսափելու նպատակով:
Ռևմատիկ և հենաշարժական հիվանդությունները ամենատարածված, հաշմանդամության հանգեցնող, ծանր բեռ ունեցող և ծախսատար ոչ վարակիչ հիվանդությունների շարքին են պատկանում, և այս հիվանդությունների թաքնված ճգնաժամը ազդում է միայն Եվրոպայում բոլոր տարիքի ավելի քան 120 միլիոն մարդկանց կյանքի վրա: Այս հիվանդությունները մնում են հիմնականում անհայտ և շարունակում են առողջապահական չլուծված խնդիր լինել ամբողջ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս՝ չնայած դրանց լրջությանը և տարածվածությանը:
Արշավը նաև ընդգծում է վաղ ախտորոշման, ինքնակազմակերպման և համարժեք բուժման հասանելիության կարևորությունը: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ունեն արթրիտ և այլ ռևմատիկ հիվանդություններ, ինչն այս օրը կարևոր է դարձնում ավելի լավ առողջապահական ծառայությունների, աջակցության համակարգերի և բուժման ոլորտում գիտական հետազոտությունների խթանման համար:
Այս տարի Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է՝ «Գիտելիքն ուժ է. տեղեկացված ընտրություն` ավելի լավ արդյունքներ»:
Ուշադրության կենտրոնում է տեղեկատվության հասանելիության բարելավումը, մի թեմա, որը հատկապես արդիական է ժամանակակից արագ զարգացող թվային դարաշրջանում, երբ ռևմատիկ և հենաշարժական հիվանդություններ ունեցող մարդիկ հաճախ բախվում են տեղեկատվության հսկայական հոսքի, որը պահանջում է մշակում և ճիշտ ուղղորդում, ուստի, ավելի ու ավելի շատ հետազոտություններ և տեղեկատվական արշավներ են անհրաժեշտ, որոնք կարող են օգնել բարելավել տեղեկատվության հասանելիությունը: