Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արյան դոնորի համաշխարհային օրը՝ նվիրված կյանք փրկողներին

Արյան դոնորի համաշխարհային օրը՝ նվիրված կյանք փրկողներին

Ամեն տարի հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը, որը նվիրված է կամավոր, անհատույց արյան դոնորներին երախտագիտություն հայտնելուն՝ կյանքեր փրկելու գործում ունեցած ներդրման համար։

Արյան դոնորի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Հանձնիր արյուն, նվիրիր հույս. միասին կյանքեր ենք փրկում»։ Խորագրի նպատակն է՝ արյան և պլազմայի նվիրատվության հրատապ անհրաժեշտության և պացիենտների կյանքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Ոգեշնչել՝ ներկայացնելով իրական պատմություններ այն մարդկանց մասին, որոնց կյանքը փրկվել է արյան նվիրատվության միջոցով կամ դոնորների անձնական փորձը՝ խրախուսելով կանոնավոր դոնորներին շարունակել արյուն հանձնել և առողջ անհատներին, հատկապես երիտասարդներին, դրդել առաջին անգամ դոնոր դառնալ։

Արյան դոնորի համաշխարհային օրն ընդունվել է 2005 թվականին Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից, ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար։

Համաձայն վիճակագրության՝ յուրաքանչյուր երրորդ մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դոնորական արյան կարիք է ունենում։

Ամբողջ աշխարհում հավաքված 118.5 միլիոն արյան նվիրատվություններից 40%-ը բաժին է ընկնում բարձր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 16%-ը։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկումների մինչև 54%-ը կատարվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկումն առավել հաճախ կատարվում է 60 տարեկանից բարձր մարդկանց, որոնք կազմում են բոլոր փոխներարկումների մինչև 76%-ը։

Ով կարող է հանդիսանալ արյան դոնոր

  • Չափահաս՝ 18 տարին լրացած անձը։
  • Առնվազն 52 կգ մարմնի զանգված ունեցող անձ, եթե իգական սեռի ներկայացուցիչ է, և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ է։
  •  Հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները՝ (կանանց համար՝ 125–180 գ/լ, տղամարդկանց համար՝ 135–188 գ/լ)։
  • Արյան ճնշումը չպետք է լինի շատ բարձր կամ ցածր (որոշում է բժիշկը). դիաստոլիկ ճնշումը՝ 60–100 մմ սնդիկի սյուն, սիստոլիկ զարկերակային ճնշումը՝ 90–160 մմ սնդիկի սյուն։
  • Պուլսը՝ 60–90 զարկ մեկ րոպեում։

Դոնորության հակացուցումները կարող են լինել՝

  • Բացարձակ՝ երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն։
  • Ժամանակավոր՝ երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր։

Հետաքրքիր փաստեր

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարդիկ, ովքեր անընդհատ արյուն են հանձնում, միջին հաշվով 5 տարի ավելի երկար են ապրում, քան միջին վիճակագրական մարդը։
  • Ակտիվ դոնորները ավելի հազվադեպ են ունենում սրտանոթային խնդիրներ և ավելի հեշտ են տանում արյան կորուստը դժբախտ պատահարների ժամանակ։
  • Ամենահայտնի դոնորը իր կյանքի ընթացքում 624 անգամ տվել է ընդհանուր առմամբ մոտ 500 լիտր արյուն։
  • Հայրենական մեծ պատերազմի ժամանակ դոնորների թիվը հասնում էր 5.5 միլիոնի, և գործող բանակը ստացավ ավելի քան 1.7 միլիոն լիտր պահեստավորված արյուն, որը կիրառվեց 7 միլիոն փոխներարկման համար։
  • Ըստ ճապոնացիների՝ արյան խումբն ավելի որոշիչ է մարդու բնավորության ու անհատական առանձնահատկությունների հարցում, քան Կենդանակերպի համաստեղությունները։