Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ասա՛ «ոչ» փխրուն ոսկորներին». հոկտեմբերի 20-ը օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

«Ասա՛ «ոչ» փխրուն ոսկորներին». հոկտեմբերի 20-ը օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ «Ասա՛ «ոչ» փխրուն ոսկորներին» կարգախոսով այս տարվա оստեոպորոզի համաշխարհային օրվա արշավը նպատակ ունի վերջ դնել ոսկրերի առողջության հանդեպ մարդկանց անտարբերությանը:

Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի բազմագործոն քրոնիկական համակարգային հիվանդություն է, որը բնութագրվում է ոսկրային հյուսվածքի հանքային խտության մակարդակի աստիճանական նվազումով, ինչը հանգեցնում է ոսկրերի որակի  փոփոխության և, որպես հետևանք, դրանց փխրունության և կոտրվածքների, և հաճախ հաշմանդամության։

Տարբերում են առաջնային (ծերունական, անչափահաս, դաշտանադադարային, իդիոպաթիկ) և երկրորդային օստեոպորոզ, որը զարգանում է հիմնական հիվանդության արդյունքում (ներզատական, մարսողական, արտազատական համակարգերի հիվանդություններ, քաղցկեղ) կամ որոշակի դեղամիջոցներով երկարատև բուժման արդյունքում (օրինակ, գլյուկոկորտիկոստերոիդների, պրոտոնային պոմպի ինհիբիտորների երկարատև օգտագործման):

Մարդու ոսկրային զանգվածի խտությունն իր առավելագույն չափին է հասնում 20-30 տարեկան հասակում: Այնուհետև մինչև 35-40 տարեկան ոսկրային զանգվածի խտությունը մնում է գրեթե անփոփոխ, որից հետո սկսում է աստիճանաբար նվազել:

Օստեոպորոզը գլոբալ խնդիր է, որը չի ճանաչում որևէ սահման։ Հիվանդության տարածվածության արագ աճին նպաստում են բնակչության կյանքի տևողության երկարացումը և բնակչության ծերացման աննախադեպ տեմպերը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ոչ վարակիչ հիվանդությունների շարքում այն զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով միայն սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններին և շաքարային դիաբետին։ 2023 թվականին աշխարհում 50 տարեկանից բարձր յուրաքանչյուր երրորդ կին (21.2%) և յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ (6.3%) տառապում էր օստեոպորոզով։ Հաշվի առնելով երկրագնդի բնակչության թվաքանակը, կարելի է պնդել, որ շուրջ 500 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ունի օստեոպորոզ։ Միայն Եվրոպայում օստեոպորոզ ունեցող ≥50 տարեկան կանանց և տղամարդկանց թիվը կազմել է համապատասխանորեն՝ 25.5 միլիոն և 6.5 միլիոն:

Աշխարհում տարեկան ≥55 տարիքի մարդկանց շրջանում տեղի է ունենում օստեոպորոզով պայմանավորված  մինչև 37 միլիոն կոտրվածք, ինչը համարժեք է մեկ րոպեում 70 կոտրվածքի: Առավել հաճախ գրանցվում են ողնաշարի մարմի, ազդրոսկրի վզիկի, ճաճանչոսկրի կոտրվածքներ, որոնք  կարող են հանգեցնել հաշմանդամության, իսկ ազդրոսկրի և ողնաշարի կոտրվածքները բնութագրվում են նաև բարձր մահացությամբ:

Ըստ գրականության տվյալների` ողնաշարի մարմնի կոտրվածքները տեղի են ունենում օստեոպորոզով հիվանդների շուրջ 30-50%-ի մոտ:

Օստեոպորոզը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ այն չունի ակնհայտ ախտանիշներ։ Հիվանդությունը բնութագրվում է դանդաղ, թաքնված ընթացքով, և, որպես կանոն, հիվանդներին երկար ժամանակ ոչինչ չի անհանգստացնում։ Հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է միայն այն ժամանակ, երբ կոտրվածքը արդեն տեղի է ունեցել, իսկ ողնաշարի մարմնի կոտրվածքների 70%-ը մնում են չախտորոշված։ Սակայն, հետազոտությունները ցույց են տվել, որ ողնաշարի նախկին կոտրվածքների դեպքում 3 անգամ աճում է հետագա օստեոպորոտիկ կոտրվածքների ռիսկը, իսկ ողնաշարի կոտրվածքների ռիսկը՝ 11 անգամ: Կոտրվածքների քանակի աճը, իրեն հերթին, հանգեցնում է նյարդաբանական խանգարումների, հաշմանդամության:

Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են՝

  • Սեռը և դաշտանադարարը: Կանանց մոտ ոսկրային հանքային խտության նվազման գործընթացը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան տղամարդկանց մոտ, ինչը պայմանավորված է դաշտանադադարի ժամանակ էստրոգենների քանակի նվազմամբ: Հիմնականում առաջնային օստեոպորոզը կանանց մոտ զարգանում է դաշտանադադարից 10-15 տարի անց, տղամարդկանց մոտ՝ 75-80 տարեկանում:
  • Կանանց մոտ ռիսկի լրացուցիչ գործոնները ներառում են վաղաժամ դաշտանադադարը և ձվարանների ֆունկցիայի նվազումը մինչև դաշտանադադարը:
  • Ժառանգական նախատրամադրվածությունը
  • Էթնիկական պատկանելիությունը․ Օրինակ, կովկասցիների շուրջ 15%-ը 50 տարեկանում և 70%-ը՝ 80 տարեկանից հետո տառապում են օստեոպորոզով:
  • Նորմայից ցածր քաշը:
  • Ապրելակերպի որոշ գործոնները, մասնավորապես՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, չբալանսավորված սննդակարգը (հատկապես, կալցիումի և վիտաին D-ի քիչ չափաբաժնի ընդունումը), մեծ քանակով կերակրի աղի և սուրճի օգտագործումը:

Օստեոպորոզը կարևոր առողջապահական խնդիր է նաև Հայաստանի համար, որը  ապագայում միայն կսրվի՝ սպասվող ժողովրդագրական փոփոխությունների պատճառով:

Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի տվյալներով՝ Հայաստանում 50 տարեկան և բարձր տարիքի 150 հազար կին և 95 հազար տղամարդ կարող է ունենալ օստեոպորոզ, ևս 340 հազար տղամարդ և կին՝ օստեոպենիա (ոսկրային ցածր հանքային խտություն):

Ըստ գնահատականների, ՀՀ-ում տարեկան ≥50 տարեկան  մարդկանց շրջանում ազդրոսկրի շուրջ 2000 օստեոպորոտիկ կոտրվածք է տեղի ունենում, 1200 նախաբազկի հեռավոր հատվածի կոտրվածք և 640 բազուկի կոտրվածք:

Օստեոպորոզի ախտորոշման ոսկե ստանդարտ է հանդիսանում դենսիտոմետրիան: Оստեոպորոզի վաղաժամ ախտորոշումը թույլ է տալիս ընտրել օպտիմալ բուժում, որն օգնում է նվազեցնել կոտրվածքների վտանգը և դադարեցնել ոսկորների հանքային խտության կորստի գործընթացը:

Հիվանդության կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պահպանել մարմնի նորմալ զանգվածը, ընդունել բալանսավորված սնունդ, հրաժարվել վնասակար սովորույթներից, զբաղվել ֆիզկուլտուրայով: Ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են  ոսկրային խտության կորստի նվազեցման, մարմնի հավասարակշռության բարելավման և ընկնելու կանխարգելման, ինչպես նաև կոտրվածքներից հետո արագ վերականգնման համար: