Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրաբերեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրաբերեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

ԵՊԲՀ մեծ դահլիճը երեկ ավելի քան մարդաշատ էր: Ապագա բժիշկներն ու ֆուտբոլասեր համալսարանականները մեծ ոգևորությամբ ողջունեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով կարևոր առաքելությամբ էր եկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչների հետ համալսարանում ավանդական հանդիպումների շարքն այսօր առանձնահատուկ է, քանի որ բեմում է նոր հավաքական՝ հայրենիքի պաշտպաններից կազմված հերոս տղաների թիմը, որոնց մեջքին կանգնած են իրենց բուժող բժիշկները: Բուհի ղեկավարը համառոտ ներկայացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծման նախապատմությունը` հիշեցնելով, որ ուղիղ մեկ տարի առաջ, երբ կանանց տոների առթիվ մեկնարկեց վիրավորում ստացած տղաների ձեռքով պատրաստած բացիկների բարեգործական նախաձեռնությունը, Հենրիխ Մխիթարյանը ծրագրին առաջին միացողներից էր: Կենտրոնին աջակցելու նրա պատրաստակամությունն այսօր հաստատվեց ևս մեկ անգամ: Հանրահայտ ֆուտբոլիստն անակնկալ ուներ. նա 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Տղաներն էլ իրենց հերթին աշխարհահռչակ հայ մարզիկին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերը հանձնեցին: Հայրենիքի պաշտպանների հետ բեմում էին նաև երկու տարի առաջ Արցախում հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Գևորգ Գրիգորյանը և Վարդան Անդրեասյանը: Տղաները ծնողների հետ Արցախից եկել էին Երևան հատուկ Հենրիխ Մխիթարյանին տեսնելու նպատակով, դա նրանց երազանքն էր:

ԵՊԲՀ-ում կարճատև հանդիպումից անմիջապես հետո Հենրիխ Մխիթարյանը Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացավ նորաբաց կենտրոնի հնարավորություններին և հագեցվածությանը, ինչպես նաև զրուցեց հերոս տղաների հետ, շրջեց կենտրոնում, ստորագրեց ֆուտբոլային գնդակների վրա և դրանք նվիրեց վերականգնողական բուժում ստացող տղաներին:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի