Նոյեմբերի 1-ից պրոֆեսոր Արա Վափորչյանը, ով հանդիսանում է աշխարհի խոշորագույն Թեքսասի Համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի թորակալ և կարդիովասկուլյար վիրաբուժության ամբիոնի վարիչը, ինչպես նաև կլինիկական կրթության և վերապատրաստումների գծով տնօրենը, համատեղությամբ կլինի նաև ԵՊԲՀ ուռուցքաբանության և վիրաբուժության ամբիոնների պրոֆեսոր: Պրոֆեսոր Վափորչյանն իր ուսումը սկսել է Միչիգանի համալսարանից և գերազանցությամբ ավարտել է մոլեկուլյար կենսաբանության բակալավարիատը, այնուհետև նույն համալսարանում ստացել բժշկական կրթություն: 1989թ. տեղափոխվել է Հյուսթոն, և սկսել վիրաբուժության կլինիկական օրդինատուրա Թեքսասի համալսարանում: Հաջորդ 7 տարիներից 2-ը անցկացրել է Միչիգանի համալսարանում՝ անցնելով հետդոկտորանտուրա պաթոլոգիայի բաժանմունքում: 1996թ. ավարտելով վիրաբուժության օրդինատուրան, սկսել է նեղ մասնագիտացում կարդիոթորակալ վիրաբուժությունից ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնում: Վերջին 25 տարիների ընթացքում այս քաղցկեղի կենտրոնը համաձայն տարբեր վարկանիշների, ԱՄՆ-ում գրավել է առաջին տեղը: 1998թ. անցել է աշխատանքի նույն կենտրոնում՝ որպես կարդիոթորակալ վիրաբույժ, հասնելով մինչև պրոֆեսորի աստիճանի, և այժմ նաև ղեկավարում է թորակալ և կարդիովասկուլյար վիրաբուժության ամբիոնը:
Պրոֆեսոր Վափորչյանը նաև հանդիսանում է Ամերիկյան թորակալ վիրաբուժության խորհրդի տնօրենը, Թորակալ վիրաբուժության տնօրենների ասոցիացիայի քարտուղարը, ճանաչվել է Ամերիկայի լավագույն բժիշկներից մեկը, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների:
2014թ. պրոֆեսոր Վափորչյանը ակտիվորեն համագործակցում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի և «Մուրացան» հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի հետ: 2016թ. նա այցելել է Հայաստան, և ելույթով հանդես եկել «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային համաժողովին, ինչպես նաև անցկացրել դասընթաց հայ մասնագետների համար: Նա հԱրյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի խորհրդի պատվավոր անդամ է: Պրոֆեսոր Վափորչյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ներկայումս մշակման փուլում է գտնվում ԵՊԲՀ և ԱՈՒՀԱ համատեղ վերապատրաստման դասընթացը հայ կարդիոթորակալ վիրաբույժների համար, որի շնորհիվ մեր երիտասարդ մասնագետները կկարողանան անցնել 1 տարվա վերապատրաստում ԱՄՆ խոշորագույն քաղցկեղի կենտրոններում: