Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աշխարհում ամեն տարի շուրջ 15 միլիոն նորածին վաղաժամ է ծնվում

Աշխարհում ամեն տարի շուրջ 15 միլիոն նորածին վաղաժամ է ծնվում

Ընդամենը 245 գրամ քաշով ծնված երեխան, որը համարվում է վաղաժամ ծննդաբերությունից փրկված պատմության մեջ ամենացածր քաշով նորածինը` Baby Saybie-ն կշռում էր նույնքան, ինչքան մեծ խնձորը, երբ նա ծնվեց 2018 թվականի դեկտեմբերին` 23 շաբաթ և երեք օր հեստացիոն ժամկետում:

Հայաստանում 2023 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը 26 շաբաթականում էքստրեմալ 480 գրամ ցածր քաշով կեսարյան հատմամբ ծնված նորածինը, որը հանրապետությունում գրանցված նվազագույն քաշով ծնված նորածինն էր, 4
ամիս պայքարելով անհասության դեմ` դուրս է գրվել հիվանդանոցից 2 կգ քաշով:

Անհասության դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է իրազեկելու, որ աշխարհում ամեն տարի շուրջ 15 միլիոն նորածին վաղաժամ են ծնվում: Հղիության 37 շաբաթից առաջ ծնված նորածիններին անվանում են վաղաժամ ծնված նորածիններ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տասներորդ երեխան ծնվում ժամանակից շուտ և չափազանց խոցելի է և կարիք ունի շտապ ու հատուկ նորածնային խնամքի: Նման խնամքի պարզ, բայց կարևոր տարրը մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանումն է։ Այն պահին, երբ երեխան ծնվում է, նա թողնում է տաք և անվտանգ միջավայրը և հայտնվում է շատ ավելի զով միջավայրում: Նորածնին օգնելու համար հարմարվելու արգանդից դուրս կյանքին, հատկապես վաղածամ ծնվածներին խորհուրդ է տրվում խնամքի բնական պրակտիկա` մաշկից մաշկ կամ «կենգուրու» շփումը:

Վաղաժամ ծնունդը շարունակում է մնալ նորածնային մահացության հիմնական պատճառն ամբողջ աշխարհում և հանդիսանում է մինչև 5 տարեկան երեխաների մահվան երկրորդ հիմնական պատճառը` չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում մահացության ցուցանիշի անկմանը:

Գնահատված է, որ միայն 2020 թվականին 13.4 միլիոն նորածիններ վաղաժամ են ծնվել (հղիության 37 լրիվ շաբաթից առաջ):

Վաղաժամ ծննդաբերության բարդությունները 5 տարեկանից ցածր երեխաների մահացության հիմնական պատճառն են, միայն 2019 թվականին գրանցվել է 900.000 մահ:

Տարբեր երկրներում վաղաժամ ծննդաբերության մակարդակը տատանվում է 2020 թվականին ծնված նորածինների ընդհանուր թվի` 4-ից 16%-ի սահմաններում:

Հայաստանում տարեկան միջինը ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153-ը` ծայրահեղ ցածր քաշով (500-1000գ):

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` մեր երկրում 2023թ.-ին ծնվել է 36.002 երեխա, որից 135-ը 1000 գրամից նվազ քաշով է ծնվել, որը կազմում է կենդանածինների 0.4%-ը: Անհաս ծնվածների թիվը 1000 կենդանածինների նկատմամբ 2023թ.-ին կազմել է 79:

2024 թվականի անհասության դեմ պայքարի համաշխարհային օրվա գլոբալ թեման է՝ «Փոքր գործողություններ, մեծ ազդեցություն. մաշկը-մաշկին խնամք աշխարհի բոլոր երեխաների համար»: Ապացուցված է, որ մաշկ-մաշկ շփումը չափազանց արդյունավետ է յուրաքանչյուր երեխայի, հատկապես վաղաժամ նորածինների համար:

Այնուամենայնիվ անհասությունն հաղթահարած երեխաներից շատերը բախվում են ցմահ հաշմանդամության, ներառյալ ուսման խանգարումները, տեսողության և լսողության հետ կապված խնդիրները:

Վաղաժամ ծննդաբերությունների մեծ մասը տեղի է ունենում Հարավային Ասիայում և Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում, սակայն, վաղաժամ ծննդաբերությունը իրապես գլոբալ խնդիր է։ Վաղաժամ նորածինների գոյատևման մակարդակը կտրուկ տարբերվում է՝ կախված նրանից, թե որտեղ են նրանք ծնվել:

Օրինակ, վաղաժամ ծնված երեխաների ավելի քան 90 տոկոսը (ոչ պակաս, քան 28 շաբաթ), ցածր եկամուտ ունեցող երկրներում մահանում են կյանքի առաջին մի քանի օրերի ընթացքում, մինչդեռ անհաս երեխաների 10%-ից էլ պակասն է մահանում բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Իսկ դուք գիտե՞ք, որ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Լեոնարդո Դա Վինչին, Իսահակ Նյուտոնը, Նապոլեոն Բոնապարտը, Ուինսթոն Չերչիլը, Ալբերտ Էյնշտեյնը, Չարլզ Դարվինը անհաս են ծնվել, իսկ աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր Սթիվի Ուանդերի կուրությունը նույնպես անհաս ծնվելու հետևանք է:

Անդրադարձը «Հերացի» վերլուծական-ինն է: