Ուսումնական կիսամյակը մեկնարկում ենք կրկին լավագույնների մասին պատմելու ավանդույթով:
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող ուսանող Սյուզանա Գրիգորյանը «Կառլեն Եսայանի անվան» կրթաթոշակառու է:
Նրա խոսքով բժշկական մայր բուհ ընդունվելիս չի նպատակադրվել կրթաթոշակի արժանանալ, բայց ընտրած մասնագիտության հանդեպ պատասխանատու, համբերատար և կարգապահ մոտեցումը նրան օգնել է արժանանալ այս պատվին, որի համար շատ ուրախ է:
«Բժշկական համալսարանում սովորելը համատեղվում է գիտությանը՝ կլինիկական փորձի հետ, իսկ այդ գործընթացը զարգացնում է խնդիրներ լուծելու հմտություններ, որոնք էական նշանակություն ունեն պացիենտի արդյունավետ բուժման համար: Ուսումնական ծրագիրը պատրաստում է մեզ առողջապահական ոլորտում պարգևատրող կարիերայի՝ առաջարկելով և՛ մարտահրավերներ, և՛ աճի հնարավորություններ»,-խոսելով մասնագիտության մասին նշում է անվանական կրթաթոշակառուն:
Մասնագիտության ընտրության հարցում նրան մշտապես կողնորոշել է հայրը:
«Հայրս բժիշկ-ստոմատոլոգ է, ով ինձ համար բժշկի վառ օրինակ է: Փոքրուց ասում էի, որ կդառնամ «հայրիկիս նման բժիշկ»: Այդ պատճառով մասնագիտության ընտրություն հարց երբեք չի եղել, ես գիտեի ուր եմ գալիս և ինչ է սպասվում: Բայց եթե չընտրեի բժշկի մասնագիտությունը, հավանաբար կդառնայի հոգեբան: Շատ եմ սիրում ուսումնասիրել անձի հոգեբանությունը: Պատրաստ եմ մարդկանց լուռ, երկար լսել և ուսումնասիրել տարբեր դեպքեր ու իրավիճակներ: Հույս ունեմ, որ սա կօգնի ինձ իմ աշխատանքքում, երբ շփվում եմ պացիենտների հետ»,-հավելում է Սյուզանան, ում համոզմամբ՝ յուրաքանչյուր սովորողի համար կարևոր է ժամանակի կառավարման հմտությունների զարգացումը, ընդունել ողջ կյանքի ընթացքում սովորելու մտածելակերպը և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից:
«Քանի որ վաստակավոր բժիշկ և բարերար Կառլեն Եսայանի անվան կրթաթոշակառու եմ, կուզեի նրա նշանաբանը կրկնել՝ «աշխատել առանց խոսելու, քանի որ գործն է խոսում»: Մենք ունենք բազմաթիվ դասախոսներ, ովքեր իրենց էներգիայով ու եռանդով այնպես են դասն անցկացնում, որ դասաժամը ավարտվում է, բայց դու չես էլ նկատում: Նրանք մեզ հետ արդեն իսկ շփվում են որպես իրենց կոլեգայի, կիսվելով գիտական ու կլինիկական փորձով, և հանդիսանում են այն օրինակները, թե ինչպիսին պետք է լինի բժիշկը»,-ամփոփելով ընդգծում է ապագա ստոմատոլոգը: