Բժշկական բուհում անցկացվեց միջազգային բժշկական, էթիկական մրցույթ։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների խորհրդի կողմից՝ Ուսանողական խորհրդարանի բանավեճի ակումբի հետ համատեղ։
Մրցութային առաջին փուլի ընթացքում օտարերկրացի ապագա բժիշկների 4 թիմ բանավիճեց առաջարկված 2 թեմայով՝ «Արդյո՞ք անհրաժեշտ է սահմանել քրեական պատասխանատվություն բժշկական սխալների համար» և «Բոտոքսը վնասու՞մ է թե՞օգնում»։
Թիմերի մասնակիցներն ընտրվել էին պատահականության սկզբունքով:
Բանավեճի թեմաներն ուսանողներին տրամադրվել էին մրցույթից 24 ժամ առաջ։
Մրցութային ժյուրիի կազմում էին Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, Ուսումնական հարցերի և ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Արամ Բայկովը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական Արտեմ Գրիգորյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին, Ուսանողական խորհրդարանի միջազգային հարցերի բաժնի ղեկավար Վահագն Պետրոսյանը։
Մասնակից թիմերը 2 թեմայով ներկայացրին իրենց համոզիչ փաստարկները և հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու միմյանց։
Ժյուրիի՝ միջազգային չափանիշների վրա հիմնված գնահատականների արդյունքներով հաղթող ճանաչված թիմերն անցան կիսաեզրափակիչ փուլ։
Միջոցառման ավարտին ժյուրիի կազմում գտնվող դասախոսները բարձր գնահատեցին Ուսանողական խորհրդարանի ջանքերը հաջող բանավեճի կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև ուսանողների հետ կիսվեցին անձնական և մասնագիտական փորձով: Բանավեճի մրցույթի հաջորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 3-ին։