ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետը ուսանողական խորհրդարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետային խորհրդի հետ կազմակերպել էր նկարչական մրցույթ, որի ընթացքում ապագա բժիշկները հնարավորություն ունեցան սեփական աշխատանքները ներկայացնելու համալսարանականններին:
Նկարչական մրցույթին մասնակցում էին ոչ միայն ստոմատոլոգիական, այլև ընդհանուր բժշկության ֆակուլտետի և քոլեջի ուսանողները:
Սովորողների նկարները տեսնելու և ոգևորելու էին եկել նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի խոսքով՝ նախաձեռնությունը սկսվել է երկու տարի առաջ, դրանից հետո այն դարձել է ավանդույթ:
«Յուրաքանչյուր տարի Ամանորին ընդառաջ ֆակուլտետը կազմակերպում է նկարչական ցուցահանդես: Մենք ունենք տաղանդաշատ ուսանողներ, բժշկական համալսարանը պատրաստում է ոչ միայն մասնագետներ, այլև մարդ տեսակ: Ուսանողները ունեին բազմաժանր տաղանդի դրսևորումներ՝ գծանկարներ, աբստրակտ և դասական նկարներ, մանրանկարներ: Բոլորն էլ լավն էին, ինձ համար փաստացի հաղթեցին բոլորը: Մենք ցանկանում ենք բացահայտել նաև այն ուսանողներին, ովքեր կարողանում են երգել, ասմունքել, ստեղծագործել:
Հուսով եմ կկարողանանք նաև նման միջոցառումներ կազմակերպել:»,-նշեց Լազար Եսայանը՝ ընդգծելով, որ ֆակուլտետը միշտ պատրաստ է աջակցելու և օժանդակելու ուսանողներին:
Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանի խոսքով՝ ուսանողները նման միջոցառմամբ ընդգծում են, որ բժշկությունը ևս արվեստ է, իսկ բժշկականի ուսանողները այդ արվեստի մի մասն են: