ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և UWC Դիլիջան միջազգային դպրոցի կողմից համատեղ կազմակերպված Brain Bee Armenia միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն է անցկացվել մարտի կեսերին:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի աշակերտուհի Աննա Պողոսյանը, ով կներկայացնի Հայաստանը մրցույթի միջազգային փուլում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սաուլե Գրիսկուտեն` UWC Դիլիջան միջազգային դպրոցիից, իսկ երրորդ հորիզոնականը՝ Կոնստանտին Թորոսյանը, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցից։
Մինչև մրցույթը, մասնակից աշակերտների համար կազմակերպվել էին նեյրոգիտության դասընթացներ, որոնք անցկացվել էին ԵՊԲՀ դասախոսների կողմից։
Դասընթացների ընթացքում աշակերտները խորացրել էին իրենց գիտելիքը ուղեղի կառուցվածքի, գործառույթների, նյարդային համակարգի բջիջների, դրանց հաղորդակցության և նեյրոգիտության մի շարք կարևոր թեմաների վերաբերյալ։
Այս տարի մրցույթն անցկացվեց բժշկական համալսարանում։ Եզրափակիչ փուլի առաջին ենթափուլում մասնակիցների իմացությունը ստուգվել է գրավոր թեստի միջոցով, իսկ ամենաբարձր միավորներ հավաքած տասը աշակերտ մասնակցել է երկրորդ՝ բանավոր ենթափուլին։
Բացի մրցութային փուլերից, աշակերտներին ընձեռվեց հնարավորություն շրջայց կատարել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի լաբորատորիաներում և ծանոթանալ իրականացվող գիտական ծրագրերին։
Նշենք, որ Brain Bee Armenia-ն բացառիկ հնարավորություն էր դպրոցականների համար՝ խորացնելու գիտելիքը նեյրոգիտության ոլորտում։
Շնորհավորում ենք հաղթողին և մաղթում հաջողություն միջազգային փուլում՝ պատվով ներկայացնելու Հայաստանը։