Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի այս տարվա մասնակիցներն ավարտեցին ուսումնառությունը:
Նրանց ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:
«Յուրաքանչյուրդ իր ոլորտում կայացած, մեծ հեղինակություն վայելող անձեր եք: Այստեղ՝ «Զինվորի տանը» մեկ սկզբունք կա՝ որևէ բան կեղծավոր չի ասվում, որն իրական չէ՝ չի արվում: Անցնելով բարձրորակ դասընթաց՝ այժմ դուք կարող եք անել համեմատաբար ավելին, քան մինչ այսօր եք կարողացել: Ձեր հնարավորությունները փոխվում են, փոխվում է նաև ձեր պարտավորությունների սանդղակը: Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ, որ այս վայրում ստացած դիպլոմը ծառայի մեր երկրին, ժողովրդին: Համոզված եմ, որ այն գիտելիքն ու հմտությունները, որ ստացել եք, կնպաստեն դրան»,-ընդգծեց բժշկական մայր բուհի ղեկավարը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մեկ տարվա ինտենսիվ ուսուցման ընթացքում մագիստրոսները ձեռք բերեցիք մասնագիտական գիտելիք բուժհաստատությունների կառավարման բնագավառում.
«Եվ այդ մեկ տարվա ընթացքում ջանք չենք խնայել, որպեսզի ձեզ տրամադրենք աշխարհում գործող ժամանակակից կառավարման սկզբունքները, պրակտիկ գիտելիք, որոնք դուք կարող եք կիրառել ձեր հետագա գործունեության ընթացքում: Շատերդ արդեն հաջողություններ եք արձանագրել ծրագրի շնորհիվ, շատերին այդ հաջողությունները սպասվում են ապագայում: Կցանկանայի, որ ստացած հմտությունները կիրառեք ոչ միայն անձնական աճի, այլ ի նպաստ մեր հայրենիքի, բնակչության առողջության ամրապնդմանը»:
«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը վերհիշեց, թե ինչպես տարիներ առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ որոշեցին և կյանքի կոչեցին այս ծրագիրը:
«Մեր հիմնական նպատակներից մեկն էր այս ծրագրի մեջ ազգային իմաստը դնելը, հայալեզու դարձնելը: Մենք պետք է միասին հաղթահարենք դժվարություններն ու մարտահրավերները: Եթե առողջապահության կառավարումը լավը չլինի՝ մենք չենք կարող գնալ առաջ: Դուք եք մարգարեները, որ պետք է իրագործի այդ ամենը»,-նշեց Րաֆֆի Սեմերջյանը:
Իրենց տպավորություններով և ծրագրի վերաբերյալ կարծիքով կիսվեցին նաև շրջանավարտները:
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման ծառայության գծով փոխտնօրեն Աիդա Խեդոյանի խոսքով՝ կառավարման համակարգի վերաբերյալ կարևոր գիտելիք է ձեռք բերել ծրագրի ընթացքում:
«Շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունենալով՝ ինձ համարում էի ոչ լիարժեք մինչև չունեցա այս կրթությունը: Ես ձեռք բերեցի լավագույնը, ինչը հնարավոր էր ունենալ, լավ ընկերներ, դասախոսական արտակարգ անձնակազմ: Այժմ ինձ ավելի վստահ եմ զգում և ուրիշ մոտեցումներ ունեմ կառավարման համակարգի վերաբերյալ»,-ասաց շրջանավարտը:
Մերի Զաքարյանը, ով Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում ղեկավարում է ընդհանուր և արտաքին կապերի բաժինը՝ վստահ է, ձեռք բերած հմտություններով կաջակցի այս համակարգի զարգացմանը:
«Երկար տարիներ աշխատել եմ առողջապահության ոլորտում, Լսելով այս դասընթացի մասին դիմել և ընդունվել եմ: Հիացած եմ դասընթացից, այն ինձ տվել է տեսական և գործնական այնպիսի գիտելիքներ, որը ես հնարավորություն չեմ ունեցել իմ երկար տարիների ընթացքում ձեռք բերել»,-հավելեց ծննդով Լեռնային Ղարաբաղից մասնակիցը:
Միջոցառումն ավարտվեց խմբային ավանդական լուսանկարով և միմյանց ապագայի հաջողությունների մաղթանքով: