Ապագա մաշկաբան Փոշյա Վշյար Ռաշիդը Հայաստան է ժամանել Իրաքից։ Սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։
23-ամյա ուսանողուհու համար բժշկությամբ զբաղվելն ամենակարևոր և առաջնային նախասիրությունն է։
«Ձգտում եմ օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժն ու ապրել լավագույն կյանքով: Դառնալով բժիշկ՝ ես հնարավորություն կունենամ բուժման միջոցով վերացնելու այլ մարդկանց ցավն ու տառապանքը: Որպես բժիշկ՝ մենք երջանկության շարունակական աղբյուր ենք շատ մարդկանց և նրանց ընտանիքների համար: Որպես ապագա բժիշկ՝ ինձ համար պատիվ կլինի գտնել առօրյա խնդիրները լուծելու ուղիներ, որոնք այդքան դժվարացնում են առողջ ապրելակերպը», – ասում է Փոշյան:
Բժշկական բուհի մասին նա իմացել է ընկերներից մեկի միջոցով։ «Իհարկե, իմ երազանքն էր սովորել ԵՊԲՀ-ում: Հաճույք եմ ստանում այստեղ սովորելու յուրաքանչյուր ակնթարթից։ Դեկանատի աշխատակիցները և դասախոսները հրաշալի են», – նշում է իրաքցի ուսանողուհին:
Փոշյան պլանավորում է ուսումը շարունակել Միացյալ Թագավորությունում կամ Գերմանիայում։
Ապագա բժշկի խոսքով՝ հայերն աշխարհի ամենահետաքրքիր ժողովուրդներից են՝ իրենց յուրահատուկ մարդկային հատկանիշներով և երկրի հարուստ պատմության շնորհիվ: «Այս հինավուրց ու պատվավոր ժողովուրդը գոյություն ունի հազարամյակների ընթացքում և մշտապես պայքարել է իր գոյության իրավունքի համար: Այդ պատճառով մարդիկ այստեղ կարող են հպարտորեն ասել․ «Ես հայ եմ…»։ Պաշտում եմ այն, թե ինչպես են նրանք սիրում իրենց երկիրը և պայքարում դրա համար: Այո, ես սիրում եմ ապրել Հայաստանում, մայրաքաղաք Երևանում ամենուր առանձնահատուկ է», – հիացմունքով խոստովանում է Փոշյան։
Բժիշկը, ըստ նրա, պարտավոր է հարգել մարդկանց, առողջ կամ հիվանդ, անկախ նրանից, թե ովքեր են նրանք, լինել ակտիվ պաշտպան իր հիվանդների համար, ուղենիշ և ուսուցիչ՝ առողջապահական համակարգի այլ մասնագետների համար և պատրաստ լինել սովորել ուրիշներից, անկախ տարիքից, դերից կամ կարգավիճակից:
«Լավ բժիշկները հիանալի տիրապետում են հաղորդակցման հմտություններին, երբեք չեն դադարում սովորել։ Մի՛ ձգտեք հարուստ դառնալ, հարգե՛ք ձեր անձնակազմի բոլոր անդամներին և ձեր հիվանդին», – խորհուրդները եզրափակում է Փոշյա Վշյար Ռաշիդը:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան