Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժիշկը պատասխանատու է պացիենտի ժպիտի վերականգնման համար․ շրիլանկացի ուսանող

Բժիշկը պատասխանատու է պացիենտի ժպիտի վերականգնման համար․ շրիլանկացի ուսանող

Կամշիգա Սիվակումարը բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է։

22-ամյա ապագա ուռուցքաբանը Շրի Լանկայի կենտրոնական նահանգից է։ Հետաքրքրված է դասական պարերով (Բհարատնատյամ) և շատ է սիրում գրքեր կարդալ։

Բժիշկ դառնալը Կամշիգայի համար մանկության մեծագույն երազանք էր։ «Իմ նահանգում բժիշկները շատ չէին․ դա ևս պատճառ հանդիսացավ, որպեսզի ընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Ծնողներս, պապիկս ու տատիկս ինձ շատ սատարեցին երազանքիս իրագործման ճանապարհին», – պատմում է օտարերկրացի ուսանողուհին։

Աշխարհի լավագույն համալսարանների՝ իր որոնումներում Կամշիգան կարծում է, որ բավականին հաջողակ գտնվեց, երբ տեղեկացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին։

 «Բուհի ակադեմիական չափանիշները  ինձ շատ տպավորեցին։ Խորապես համոզվեցի, որ սա լավագույն վայրն է՝ երազանքիս հետևից գնալու համար։ Մեր դասախոսները փորձառու են և գիտակ, նրանց ինտերակտիվ հաղորդակցությունն ուսանողների հետ ևս շատ օգտակար է», –  ընդգծում է ապագա բժիշկը։

Հայաստանը Կամշիգայի համար երկրորդ հայրենիք է դարձել։

«Ձեր երկիրը շատ գեղեցիկ է՝ հրաշալի բնությամբ և ընկերասեր մարդկանցով», – ասում է նա։

Չնայած նրան, որ ավարտելուց հետո պլանավորում է վերադառնալ հայրենի Շրի Լանկա՝ հույս ունի, որ մի օր նորից կվերադառնա Հայաստան՝ ծառայելու մեր երկրին։  

«Բժիշկները մեծ պատասխանատվություն են կրում տառապող մարդկանց ժպիտը վերականգնելու հարցում։ Այդ պատճառով բժիշկը պետք է լինի բազմակողմանի զարգացած և կարեկից», – կարծում է Կամշիգան։ 

Լավագույնը մաղթելով բոլոր գործընկերներին՝ ապագա ուռուցքաբանը հավելում է, որ բժիշկ դառնալու ճանապարհին հաջողության հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել և լինել վճռական։  

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան