Մայիսի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում կայացել է Բուժքույրերի միավորման ամենամյա կոնֆերանսը, որին մասնակցել է ավելի քան 500 բուժքույր՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Այս տարվա կոնֆերանսի կարգախոսն էր՝ «Կրթություն -Որակ-Անվտանգություն», որի երեք բաղադրիչը վերաբերում էին թե՛ բուժքույրերին, թե՛ պացիենտներին և խնամողներին։
Օրակարգը բավական հագեցած էր, քննարկվող թեմաները՝ բազմազան։ Մասնավորապես, ներկայացվել են զեկուցումներ մի շարք տարածված հիվանդությունների վարման և դրանց բարդությունների կանխարգելման մասին։ Օրինակ՝ լյարդի հիվանդություններ, կծած վերքերից առաջացող վարակներ, քրոնիկ երակային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ինչպես նաև սիրտ-թոքային վերակենդանացում և հակահամաճարակային կանոնների պահպանում։
Բուժքույրերի միավորման նախագահ, ԵՊԲՀ քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանն ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց Բուժքույրերի օրվա՝ մայիսի 12-ի առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք խաղաղ պայմաններում։
Նրա խոսքով՝ բժշկագիտությունը սրընթաց զարգացում է ապրում, և քույրական գործն այս գործընթացից անմասն չէ։ Ուստի, ըստ Ստեփանյանի, կրթական ծրագրերի իրականացումը և վերապատրաստման դասընթացների կազմակերպումը պետք է շարունակական լինի:
Կոնֆերանսն ընթացավ ակտիվ քննարկումներով, հարցուպատասխանով:
Բուժքույրերը մեծ հետաքրքրությամբ էին մոտենում ներկայացված թեմաներին, բժիշկ-զեկուցողներն էլ բարձր գնահատեցին բուժքույրերի ակտիվ ներգրավածությունն ու բարձրացրած հարցերը: Մասնակիցներին տրվեց 8 ՇՄԶ կրեդիտ։