Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում անցկացվեց ավստրալահայ դեղագետի դասախոսությունը՝ «Դեղերի տնային վերաքննություն» թեմայով

Բժշկական բուհում անցկացվեց ավստրալահայ դեղագետի դասախոսությունը՝ «Դեղերի տնային վերաքննություն» թեմայով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրավերով Հայաստան ժամանած ավստրալահայ դեղագետ Մովսես Ինջեջիկյանի դասախոսությունը՝ «Դեղերի տնային վերաքննություն» թեմայով։

Հանդիպման սկզբում Մովսես Ինջեջիկյանը ներկայացավ ուսանողներին և դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ ծնվել է Սիրիայում, որտեղ ընտանիքը հայտնվել է Հայոց ցեղասպանության հետևանքով։ Հետագայում, կիսատ թողնելով ուսումը, Մովսեսը ստիպված եղավ լքել նաև պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիան և բնակություն հաստատել Ավստրալիայում։

Մովսես Ինջեջիկյանը դասախոսության ընթացքում բնորոշեց դեղագիտությունը 4 բառով՝

  • Գիտություն,
  • Արվեստ,
  • Բիզնես,
  • Մարդասիրություն։  

 

 

 

 

Նրա խոսքով՝ այս բառերը կազմում են դեղագետի ամենօրյա աշխատանքի անբաժան մասը։

Անդրադառնալով դեղերի վնասակար ազդեցությանը՝ Մովսես Ինջեջիկյանը մեջբերեց պաշտոնական վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ Հայաստանում միայն 2018 թվականին 3725 անձ դեղերի կողմնակի ազդեցության հետևանքով դիմել է բժշկական հաստատություն։ 

Հրավիրված մասնագետն օրինակների միջոցով մանրամասնորեն ներկայացրեց բժշկի և դեղագետի համագործակցության ձևաչափերը: 

Ինտերակտիվ դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ  դեղերի հիմնական ցանկին, որոնք դեղագետն օգտագործում է, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում դեղերի հակազդեցությանը։ 

Դասախոսությունը եզրափակվեց Մովսես Ինջեջիկյանի կողմից ուսանողներին ներկայացված հետաքրքիր առաջադրանքով։