Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին

Բժշկական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին

Վաղ առավոտից ԵՊԲՀ-ում, չնայած ոչ աշխատանքային օրվան, այսօր եռուզեռ է:  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այս տարի մուտք է գործել 421 առաջին կուրսեցի: Համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ ապագա բժիշկներին սեպտեմբերի 1-ին դիմավորեցին ԵՊԲՀ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը:

Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտության և Ռազմաբժշկության ֆակուլտետներ, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջ ընդունված առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին 2018-2019 ուսումնական տարվա առթիվ  շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նա հերթով այցելեց տարբեր լսարաններում անցկացվող հանդիպումներին:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրը հիշարժան է, քանի որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը նոր ուսանողներ է ընդունում, որոնք ևս պետք է ոչ միայն պատիվ բերեն համալսարանին, այլև փրկեն այն մարդկանց կյանքը, ովքեր դիմելու են իրենց առաջիկայում: 

Բժշկական համալսարանի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական հաջողված գործունեություն է իրականացնում աշխարհի 40 երկրի լավագույն առողջապահական կազմակերպություններում, ինչը վկայում է այն մասին, որ ԵՊԲՀ-ում ստացած կրթությունը մրցունակ է:

«Ուսանողը մեզ համար առանցքային նշանակություն ունի, հատկապես այն ուսանողը, որը պրպտում է, անգամ եթե որևէ բան չի ստացվում, աշխատում է իր սխալների վրա և դրսևորում է տոկունություն»,- ասաց բուհի ղեկավարը՝ անդրադառնալով նաև այն ուսանողակենտրոն կառույցներին, որոնք միտված են սովորողների իրավունքների և պարտականությունների սահմանմանը, ուսումնական գործընթացում առաջացող խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

Նա խոսեց նաև բժշկության ոլորտում մարդկային շփման, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների դերի մասին, որոնց չեն կարող փոխարինել նորագույն տեխնոլոգիաները: Տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է բժշկության առաջընթացին, բայց չի կարող լրացնել  շփման բացը:

Ռեկտորն ընդգծեց, որ բուհը որդեգրել է միջազգայնացման ճանապարհը և այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում: Կարճ ժամանակ անց  այսօր առաջին անգամ բժշկական բուհ ոտք դրած ուսանողները ևս ակտիվ  մասնակցություն են ունենալու համալսարանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին:

Ռազմաբժշկության ֆակուլտետում առաջին կուրսեցիներին ողջունելիս՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ  տասնամյակներ շարունակ այս ֆակուլտետի շրջանավարտներին հաջողվել է ոչ միայն բուժել, այլև պաշտպանել:

Ամփոփելով հանդիպումների շարքը և շնորհավորելով առաջին կուրսեցիներին Գիտելիքի օրվա առթիվ՝ ռեկտորը կարևորեց աշխատասիրության, պատասխանատվության, նախաձեռնողականության դրսևորումը, ինչպես նաև  ուսուցիչների, ավագ գործընկերների նկատմամբ  խորը հարգանքի առկայությունը:

Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, դասավանդվող առարկաների ցանկը, խոսեցին նաև քննությունների անցկացման, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի մասին: