Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանը համախմբել էր ուռուցքաբանության ոլորտի բուժքույրերին

Բժշկական համալսարանը համախմբել էր ուռուցքաբանության ոլորտի բուժքույրերին

Շարունակվեց «Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ArGOS) 6-րդ հանդիպում»-ը, որն այսօր՝ նոյեմբերի 26-ին, համախմբել էր ուռուցքաբանության ոլորտի բուժքույրերին։

Համաժողովի երկրորդ օրվա մասնակիցներին ողջունեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր, Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը։

«Սա կարևոր հարթակ է մեզ՝ բուժքույրերիս համար փորձի փոխանակման, գիտելիքի, կապերի հաստատման տեսանկյունից։ Վստահ եմ՝ կոնֆերանսը հետաքրքիր կլինի՝ մեկ անգամ ևս քննարկելու բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները, հոգեբանական աջակցությունը, պացիենտի խնամքը», – նշեց Գեղանուշ Ստեփանյանը։ Նա հանդես եկավ «Բուժքույրական մասնագիտության դերը և զարգացման հեռանկարները» զեկույցով։

Բուժքույրերը, Գեղանուշ Ստեփանյանի խոսքով, առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով՝ հիվանդին ապահովել որակյալ բուժում, սպասարկում, ինչի համար, բացի մասնագիտական որակներից, անհրաժեշտ են նաև մարդկային լավագույն հատկանիշները՝ համբերություն, մարդասիրություն և համեստություն։

«Շուտով մեր հանրապետության բուժքույրերը կստանան միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրական գործի կազմակերպչի որակավորում։ Բժշկական համալսարանի քոլեջում 2025 թվականի սեպտեմբեր ամսից մենք կունենանք «Բուժքույր» բարձրագույն կրթության որակավորման դասընթացներ բուժքույրերի համար», – տեղեկացրեց նա։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի գլխավոր բուժքույր Անուշ Իրիցյանը ներկայացրեց ուռուցքաբանության կլինիկայում աշխատող բուժքրոջ առանձնահատկությունները, հիմնական պարտականությունները, գիտելիքը և հմտությունները, աշխատանքի բարելավման մոտեցումները՝ հատուկ անդրադառնալով բուժքրոջ մասնագիտական «այրում» կամ “burnout” հասկացությանը, դրա պատճառներին և կանխարգելմանը։

ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերն ընդգծեց, որ անհնար է թերագնահատել բուժքույրերի դերը։ «Մենք հպարտ ենք, որ կարող ենք համագործակցել հաջորդ երկու տարվա ընթացքում», – հավելեց գերմանացի պրոֆեսորը։

Հատուկ եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) հարցման միջոցով տեղի ունեցավ մեր երկրում ուռուցքաբանության բուժքույրերի կարիքների գնահատում։

Հաննովերի բժշկական դպրոցի քիմիաթերապիայի բուժքույր Ջուլիա Դինքելը և Ուռուցքաբանության ոլորտի բուժքույրերի շարունակական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Քաթի Ռեհվագենը ներկայացրին արտակարգ իրավիճակներն ուռուցքաբանության մեջ։

Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ հանդիպումը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 27-ին՝ Հանրային առողջապահության ֆորումի ձևաչափով։