Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոսի հետազոտությունը՝ ոլորտի միջազգային առաջադեմ հարթակներում

Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոսի հետազոտությունը՝ ոլորտի միջազգային առաջադեմ հարթակներում

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, կլինիկական հոգեբան Մադլենա Առաքելյանը թեկնածուական հետազոտությունը ներկայացրել է Ինտելեկտի հետազոտության միջազգային գիտաժողովում և Նեյրոհոգեֆարմակոլոգիայի համաեվրոպական կոնգրեսում, որն այս բնագավառի առաջադեմ հարթակ է:

Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոսի թեկնածուական հետազոտությունը միջգիտակարգային է և Նեյրոհոգեֆարմակոլոգիայի համաեվրոպական կոնգրեսին (ECNP 2024) ներկայացրած «Օժտված պատանիների հոգեկան առողջության ռիսկի գործոնները» աբստրակտը ճանաչվել է լավագույնը և արժանացել գերազանցության մրցանակի (ECNP Excellence Award winner 2024)` ստանալով դրամական պարգև և վկայական:

Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է հաղթում այս մրցույթում՝ 1600 երիտասարդ գիտնականից ընտրվելով լավագույն 84-ի շարքում:

ECNP-ն համաեվրոպական ամենամասշտաբային գիտական ասոցիացիան է, որը հարթակ է նեյրոհոգեֆարմակոլոգիայի տարաբնույթ հետազոտական նախագծերի, վերապատրաստումների, գիտաժողովների, մրցանակաբաշխությունների համար և ունի բարձր ազդեցության գործակցով պարբերականներ:  Այս տարի հոգեբուժության, նյարդաբանության, դեղագիտության և կլինիկական հոգեբանության ոլորտի ամենավերջին հետազոտական արդյունքներն էր ներկայացնում մոտ 7000 մասնակից:

Մադլենա Առաքելյանը մասնագիտացած է որպես կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, մեծահասակների հետ աշխատում է շուրջ 14 տարի, նաև բացառիկ ընդունակություններով երեխաների, երիտասարդների կրթության և հոգեբանական աջակցության փորձագետ է և 13 տարի իրականացնում է հոգեթերապևտիկ և հետազոտական աշխատանքներ: Նա մասնագիտական գիտելիքն օգտագործում է ուսանողների շրջանում զարգացնելով ինքնուրույն և քննադատական մտածողություն, նախաձեռնողականություն, դասավանդումը հագեցնում գիտաժողովների լավագույն ելույթներով և հետազոտություններով, շեշտադրում բժիշկների համար հոգեբանական հմտությունների կարևորությունը պրակտիկ աշխատանքում:

Մադլենա Առաքելյանի հեղինակած «Օժտված երեխաների հոգեբանական դիագնոստիկա» գիրքը տպագրվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ներքո, որպես երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման ներպետական մրցույթի հաղթող:

ԵՊԲՀ դասախոսը շուրջ 30 գիտական հոդվածի և աբստրակտների հեղինակ է, որոնք տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում՝ ներառելով նաև նեյրոհոգեբանության և զինվորների շրջանում Հետտրավմային սթրեսային խանգարումների (ՀՏՍԽ) և հետտրավմային աճի ուսումնասիրությունները:

Համալսարանականը 15 միջազգային և տեղական մրցույների հաղթող է և իր գիտական աշխատանքները ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Կիևում, Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա), Թայպեյում (Թայվան), Նեշվիլում (ԱՄՆ), Վյուրցբուրգում (Գերմանիա), Վիեննայում, Ցյուրիխում, Միլանում: