Բժշկել նաև երաժշտությամբ. «Սպեղանի» երգչախումբը համերգով հանդես եկավ բժշկականում

ԵՊԲՀ կարմիր դահլիճն այսօր համախմբել էր մեր բուհի երաժշտասերներին, համալսարանականները «Սպեղանի» երգչախմբի համերգային ծրագիրը վայելելու հնարավորություն ունեցան:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, մշակութային գործիչներ: Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարինե Ավթանդիլյանը ողջունելով համերգի մասնակիցներին ներկայացրեց հագեցած համերգային ծրագիրը, որն ընդգրկում էր ինչպես հայ, այնպես էլ օտարազգի անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգն անմասն չմնաց նաև անդրանիկ կատարումներից, որոշ խմբերգեր այսօր հնչեցին առաջին անգամ: Քչերը գիտեն, որ երգչախմբի կազմում արդեն 22 տարի ընդգրկված է նաև ԵՊԲՀ շրջանավարտ Մարինե Օսիպովան: Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտն այս տարի է ավարտել կլինիկական օրդինատուրան և հաջողությամբ համատեղում է երգարվեստը բժշկական գործունեության հետ: Նրա խոսքով՝ երկու ոլորտն էլ ունեն նմանություններ, հոգևոր բաղկացուցիչ, քանի որ, ինչպես հայտնի է, երաժշտությունը ևս բժշկելու ուժ ունի, և այս առումով իր երկու զբաղվածությունները լրացնում են միմյանց: Այսօր հարազատ բուհում համերգով հանդես գալը նրա մեծ ցանկությունն էր,  որը կյանքի կոչվեց, իր, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի և Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի համատեղ նախաձեռնությամբ:

«Սպեղանի» երգչախմբի երգացանկը միավորում է տարբեր ազգերի, ուղղությունների և ժամանակաշրջանների երաժշտություն՝ միջնադարի հոգեւոր ստեղծագործություններից մինչեւ հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների գործերը:

Երգչախումբը կարևոր ներդրում ունի ազգային խմբերգային արվեստի զարգացման և տարածման գործում: Երաժշտական կոլեկտիվը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայիում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով առաջին մրցանակների:

Երգչախմբի նվաճումներից է Կոմիտասի Սուրբ պատարագի ձայնագրումը՝ քահանայի և սարկավագի երգամասերով: Հենց այս ձայնագրությունը Սարինե Ավթանդիլյանը համերգի վերջում նվիրեց ԵՊԲՀ-ին:

Նշենք, որ ԵՊԲՀ-ում դասախոսների և սովորողների կողմից կազմակերպվող մշակութային, ժամանցային, ինտելեկտուալ, մարզական միջոցառումները պարբերական են: