Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկի մասնագիտական բարձր որակների ու արդի տեխնոլոգիական լուծումների համադրմամբ կարելի է հասնել արդյունքի. Համլետ Կարայան

Բժշկի մասնագիտական բարձր որակների ու արդի տեխնոլոգիական լուծումների համադրմամբ կարելի է հասնել արդյունքի. Համլետ Կարայան

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող  Համլետ Կարայանի մասնագիտական ընտրության վրա ազդեցություն է ունեցել բժիշկ տատիկը:

«Մանկուց տարբեր մասնագիտություններ եմ պատկերացրել ինձ համար՝ ուսուցչից մինչև բանկի կառավարիչ։ Դեռ փոքր ժամանակից միշտ սիրել եմ ուսումնասիրել տատիկիս մոտ այցելող պացիենտների գրանցամատյանները։ Վերջնականապես կողմնորոշվեցի 8-րդ դասարանում»,-նշում է ապագա բժիշկը։

Ավարտել է Ֆիզմաթ դպրոցը, մասնակցել կենսաբանության հանրապետական և միջազգային օլիմպիադաների։ Համլետ Կարայանն ընդգծում է, որ օլիմպիադաներն իրեն հնարավորություն են տվել խորանալու կենսաբանության և հարբժշկական առարկաների ուսուցման մեջ, ինչն էլ ավելի է ամրապնդել բժիշկ դառնալու նրա որոշումը։

«Հիմա որոշումս միայն ավելի է ամրապնդվել, չեմ մտածել մասնագիտությունը փոխելու մասին։ Երկրորդ կուրսում սկսեցինք ավելի խորն ուսումնասիրել մասնագիտական առարկաները. մեծածավալ ուսումնական նյութեր, անընդհատ նոր տեղեկություններ, որոնք պետք է ոչ միայն հիշել, այլև հասկանալ, վերլուծել և շաղկապել։ Բայց հենց այդ պրոցեսն էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը մասնագիտության հանդեպ»,-ասում է ԵՊԲՀ ուսանողը։

Նրա խոսքով՝ բուհում սովորելու առօրյան բավականին ծանրաբեռնված է․ օրական մի քանի ժամ գործնական դասեր, դասախոսություններ, անընդհատ հարցումներ։

«Դասախոսներից ստանում ենք և տեսական գիտելիք և գործնական հմտություններ, որոնք կարևոր են մեր հետագա կլինիկական պրակտիկայի համար։ Սակայն, բացի բժշկական թեմաներից, շատ հաճախ դասախոսների հետ քննարկում ենք տարբեր բնագավառներին, ինչու ոչ, նաև կյանքին առնչվող թեմաներ, որոնք անհրաժեշտ են մեզ թե՛ մեր ապագա բժշկական գործունեության մեջ, և թե՛ ցանկացած այլ բնագավառում»,-շեշտում է ապագա բժիշկը, ում խոսքով` բուհում սովորելու առաջնային բաղադրիչներից է այն, որ ուսանողները սովորում են ճիշտ հաղորդակցվել, միավորել գիտելիքը և կիրառել դրանք.

«Նեղ մասնագիտության հարցում վերջնական դեռ չեմ կողմնորոշվել։ Հետաքրքրություններս անընդհատ փոփոխվում են, կարծում եմ ՝ մինչև 6-րդ կուրս դեռ ավելի կփոխվի։ Սակայն ավելի շատ մտածում եմ նյարդաբանության, նյարդավիրաբուժության շուրջ»:

Հաշվի առնելով, որ բժշկությունն արագ զարգացող գիտություն է, ապագա բժիշկը կարծում է, որ  ոլորտն աընդհատ բարեփոխման ու կատարելագործման կարիք ունի. տեխնիկական հագեցվածություն, բուժման մեջ կիրառվող մեթոդներ, բժիշկների անընդհատ վերապատրաստումներ։

Համլետ Կարայանի կարծիքով՝ բժշկի մասնագիտական բարձր որակների ու արդի տեխնոլոգիական լուծումների համադրմամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի՝ հստակ ախտորոշման ու պացիենտի լիարժեք բուժման: