Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ հուլիսի 3-5-ը Մադրիդում «Բժշկությունը շարժման մեջ. գիտական մտքերը վերածելով գործողության» կարգախոսի ներքո անցկացվում է 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսը (AMWC2025):
Մասշտաբային այս միջոցառումը ոչ միայն գիտական հանդիպում է, այլև՝ դինամիկ հարթակ գիտելիքի փոխանակման, միջազգային համագործակցության խորացման և Հայաստանի առողջապահական ոլորտում առաջընթացի արձանագրման համար։
Առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների գործակցությունն է, ինչպես նաև բժշկագիտությանը, մեր երկրում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու նախաձեռնությունները։
«Ես սրտանց ողջունում եմ բոլորին այս դահլիճում, որտեղ մենք հավաքվել ենք տարբեր մայրցամաքներից, բայց հավաքվել ենք նույն գաղափարի շուրջ, և այդ գաղափարը այս տասնյակ տարիներին միայն ավելանում է, ավելի մոտիվացված ենք մասնակցում։ Ուրախալի է, որ Հայաստանից շուրջ 300 մասնակից կա, և հպարտությամբ կարող եմ ասել, որ շուրջ 100-ը Երևանի պետական բժշկական համալսարանն է ներկայացնում՝ ուսանողությունը, որն այսօր այստեղ է։ Ինձ համար շատ մեծ պատիվ է՝ այսօր իրենց ներկայությամբ և այս փառահեղ համալսարանի ուսանողության ներկայությամբ ասել, որ հաջորդ կոնգրեսը մենք կազմակերպելու ենք Երևանում՝ Երևանի պետական համալսարանի ջանքերով»,– ողջունելով պատվիրակներին, ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավատացնելով, որ միջոցառման նախագահողը՝ Լիլիան Գրիգորյանը, կազմակերպչական մեծ աշխատանք է իրականացրել։
«Շուրջ երկու տարի աշխատել ենք միասին։ Տեսնելով նրա նվիրվածությունը՝ ամեն ինչ կանենք, որ գերազանցենք, որպեսզի կոնգրեսը դառնա այնպիսի թրենդ, որ այսօր այստեղ գտնվող ուսանողները, տեսնելով այս միասնությունը բեմի վրա, բոլորիս խոսքերի ազնվությունը, մեր նվիրվածությունը մասնագիտությանը, կարողանան իրապես գերազանցել այն ապագայում։ Այո՛, ես հավատում եմ և հաստատում, որ Հայաստանում վերջին տարիների հստակ ձևավորված բարձր որակի բժշկական օգնությունը հասանելի է, և սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք ազնվորեն կիսվել թե՛ մեր հաջողություններով, և թե՛ այն դժվարություններով ու խնդիրներով, որոնք կարծես բոլորիս մոտ նույնն են»,– ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը։
Նրա գնահատմամբ՝ առողջապահության ոլորտին ավելի մեծ պահանջարկ է ներկայացվում, քան մենք կարողանում ենք ձևավորել հնարավորությունները, և դժգոհությունները միշտ ավելի շատ են, քան երախտիքի խոսքերը։
«Մենք չենք սպասում այդ երախտագիտությանը, մենք մեր պարտքի զգացողության մեջ ենք։ Եվ, որ ավելորդ փաթոսից խուսափեմ, կարող եմ ասել, որ ներկայացնում եմ համալսարան, որտեղ այսօր սովորում է 34 երկրի 2000-ից ավել ուսանող, և այդ թիվը տարեցտարի աճում է։ Սա ևս վկայում է, որ Հայաստանի բժշկությունը միանշանակ կարող է լինել արտահանվող, միանշանակ օրինակելի, համախմբող։ Շնորհակալ եմ կազմակերպչական կոմիտեին, որ հենց բժշկական համալսարանին՝ իմ գլխավորությամբ, հանձնարարվեց իրականացնել հաջորդ համահայկական կոնգրեսը։ Իհարկե, մոնոէթնիկ կոնֆերանսները ինքնին կարող են որոշակի հարցեր առաջացնել, բայց արդյո՞ք սա կարելի է դիտարկել որպես ճակատագիր։ Սա պետք է դիտարկել որպես հնարավորություն։ Այդ հնարավորությունը այսօր փայլուն իրագործեց մեր հայրենակից Լիլիան Գրիգորյանը, որը, բնակվելով Իսպանիայում, կարողացավ տարբեր մայրցամաքներից մեզ այստեղ համախմբել, զետեղել հայկական բժշկագիտության միտքը և թույլ տալ, որ մենք կիսվենք, անկաշկանդ և ազնիվ միասին խոսենք։ Այս ամենը պարտավորեցնում է հաջորդն անել ավելի լավ։ Շնորհակալ եմ և պարտավորված»,– եզրափակելով ելույթը, շեշտեց բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ով, ի դեպ, 2027 թվականին Հայաստանում կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի նախագահ է ընտրվել։
Համալսարանականների գնահատատմամբ` ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են աշխարհի տարբեր անկյուններից հայ բժիշկներ, հետազոտողներ և գիտնականներ հավաքվում մեկ հարթակի շուրջ՝ փոխանակելու գիտելիք, փորձ և գաղափարներ։ Երևանի պետական բժշկական համալսարանը տարիներ շարունակ պատասխանատվություն է կրում՝ զարգացնելու բժշկական կրթությունը, խթանելու գիտական հետազոտությունները և ձևավորելու սերունդներ, որոնք կնվիրեն իրենց կյանքը մարդկանց առողջության պահպանմանը։ Համալսարանը վճռական է՝ նպաստելու ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ բժշկության զարգացմանը։ Մադրիդում տեղի ունեցող կոնգրեսը թույլ է տալիս ամրապնդել այդ նպատակները։ Վստահ ենք, որ քննարկումները, փոխանակումները և ծանոթությունները հիմք կդնեն նոր գաղափարների, նոր համագործակցությունների և այնպիսի նախաձեռնությունների, որոնք երկարաժամկետ արդյունք կտան ինչպես մեր երկրին, այնպես էլ մեր ամբողջ բժշկական համայնքին։
Մասնակիցների աշխարհագրությունը՝ Հայաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Դանիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան, Կատար, Հնդկաստան, Արգենտինա։