Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճայթուկներ` զվարճանք, թե՞ թաքնված վտանգ

Ճայթուկներ` զվարճանք, թե՞ թաքնված վտանգ

Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուցիկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության ուղեկցությամբ դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը: Այս հանգամանքը հաշվի առնելով, ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ռիսկերը, ներկայացնել արձանագրված դեպքերը և անդրադառնալ գործող օրենսդրական կարգավորումներին:

Ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) օգտագործումը տարբեր երկրներում ունի օրենսդրական խիստ կարգավորումներ՝ ելնելով դրանցից բխող վտանգներից։

  1. Վտանգները և խնդիրները

Անվտանգության ռիսկեր: Ճայթուցիկների սխալ օգտագործումը կարող է բերել այրվածքների, վնասվածքների և անգամ մահվան։

Հոգեբանական ազդեցություն: Որոշ դեպքերում դրանք կարող են սթրես առաջացնել մարդկանց և կենդանիների մոտ։

Շրջակա միջավայրի աղտոտում: Այրման արդյունքում արտանետվում են վնասակար նյութեր, նաև կարող են հրդեհների պատճառ դառնալ:

  1. Օրենսդրական կարգավորումներ

Պիրոտեխնիկական միջոցների օգտագործումը ՀՀ-ում կարգավորվում է օրենսդրությամբ, բայց մասնավոր անձանց կամ երեխաների կողմից օգտագործումը հաճախ վերահսկողությունից դուրս է։ Քաղաքացիներին թույլատրվում է կիրառել միայն փոքր ուժգնության միջոցներ (օրինակ՝ փոքր ճայթուցիկներ կամ հրավառություններ)՝ որոշակի պայմաններում։ Եթե ուսումնասիրենք Հայաստանի Հանրապետության կառավարություն 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշումը «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԳԼՈՒԽ X «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 81․ կետը՝ «Ազգաբնակչությանը ազատ վաճառվող I-III դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ, որոնց հետ վարվեցողությունը չի պահանջում հատուկ գիտելիքներ և հմտություններ, հրավառություններ կարող է կազմակերպել 18 տարին լրացած ֆիզիկական անձը, պահպանելով հրագործական արտադրատեսակների հետ ուղեկցվող ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգի պահանջների կատարումը, ապահովելով սույն կանոնների 78-րդ կետի, ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների սահմանած պահանջների կատարումը»:

Եվրոպական շատ Երկրներում (օրինակ՝ Գերմանիա, Նիդեռլանդներ) պիրոտեխնիկայի վաճառքն ու օգտագործումը թույլատրվում է միայն հատուկ օրերին՝ հիմնականում Նոր տարվա նախաշեմին։ Անհատները պետք է ստանան հատուկ թույլտվություն, իսկ որոշ նյութեր արգելված են առանց մասնագիտական պատրաստվածության։ Կախված երկրի օրենսդրական կարգավորումներից պահանջները տարբեր են, օրինակ՝ ԱՄՆ նահանգների մի մասում խստիվ արգելված է, իսկ մյուսներում թույլատրվում է միայն թույլ ազդեցության ճայթուցիկներ։ Չինաստանում, որտեղ պիրոտեխնիկան մշակույթի կարևոր մասն է, որոշ քաղաքներում արգելվել է աղտոտման մակարդակը վերահսկելու նպատակով։ Պիրոտեխնիկայի վաճառքը թույլատրվում է միայն 18 տարին լրացած անձանց։ Կարևոր հանգամանք է օգտագործման վայրը: Շատ երկրներում դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում՝ առանց մարդկանց խիտ կուտակումների վայրերում։

Ձեզ ենք ներկայացնում ճայթուցիկների օգտագործման հետևանքով առաջացող վնասների վերաբերյալ տարբեր երկրների վիճակագրական տվյալները՝

Ամեն տարի ԱՄՆ-ում արձանագրվում է ավելի քան 10,000 վնասվածք՝ կապված պիրոտեխնիկայի օգտագործման հետ։ Դրանց 70%-ը տեղի է ունենում հունիսի 20-ից հուլիսի 20-ը, երբ մարդիկ տոնում են Անկախության օրը: Վնասվածքների 66%-ը ազդում է ձեռքերի, մատների վրա, իսկ 15%-ը՝ աչքերի վրա: Մոտ 15% դեպքերում վնասվածքներն առաջանում են երեխաների մոտ (15 տարեկանից փոքր):

Մեծ Բրիտանիա: Ամեն տարի մոտ 4,500-5,000 անձ ստանում է պիրոտեխնիկայից առաջացած վնասվածքներ: Վնասվածքների մեծ մասը տեղի է ունենում տոնական օրերին (Նոր տարի, Գայ Ֆոքսի գիշեր): Վնասվածքների շուրջ 50%-ը գրանցվում է երիտասարդների շրջանում (16-20 տարեկան):

Հնդկաստան (Դիվալի փառատոն). Ամեն տարի փառատոնների ժամանակ վնասվածքների թիվը հասնում է 10,000-15,000-ի։ Այրվածքների մոտ 60%-ը ազդում է ձեռքերի, դեմքի և աչքերի վրա։

  1. Վնասվածքների տեսակները՝
  • Այրվածքներ՝ ամենատարածված վնասվածքներն են, հաճախ առաջանում են մաշկի անմիջական շփումից բոցի կամ պայթյունի հետ։
  • Աչքերի վնասվածքներ՝ առաջանում է պայթյունի բեկորներից կամ փոշուց։ Կարող է հանգեցնել ժամանակավոր կամ մշտական կուրության:
  • Լսողության կորուստ՝ պայթյունի ձայնային ալիքները կարող են վնասել լսողական նյարդերը:
  • Տրավմատիկ անդամահատումներ՝ առավել վտանգավոր դեպքերում պայթյունները հանգեցնում են մատների կամ այլ հատվածների անդամահատման:
  1. Վնասվածքների վիճակագրություն՝ ըստ տարիքային խմբերի

30%-40% վնասվածքները դիտվում են մինչև 15 տարեկան երեխաների շրջանում, որոնք հաճախ չեն հասկանում պիրոտեխնիկայի վտանգը։

Հիմնականում 16-25 տարեկան տարիքային խումբն է պատասխանատու վնասվածքների զգալի մասի համար՝ անփորձ և անպատասխանատու օգտագործման պատճառով։

  1. Հրդեհների և այլ վնասների վիճակագրություն

ԱՄՆ-ում պիրոտեխնիկայի պատճառով ամեն տարի առաջանում է մոտ 19,000 հրդեհ, որոնցից մի մասը լուրջ վնասներ է հասցնում բնակարաններին և այլ շինություններին:

Տնտեսական կորուստներ:

Հրդեհների հետևանքով հասցված վնասների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։

ՀՀ-ում ճայթուցիկնեից առաջացած վիճակագրական տվյալները հասանելի չեն, սակայն բազում դեպքեր արձանագրվում են տոնական օրերին, հատկապես Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շրջանում, ինչը բացի մարդկային վնասվածքներից և կորստից հանգեցնում է հիվանդանոցների դիմելիության աճի, դառնում հրդեհների և նյութական վնասների պատճառ։