Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Դասախոսական գավաթ» մրցաշարն ամփոփել է արդյունքները. ֆոտոշարք

«Դասախոսական գավաթ» մրցաշարն ամփոփել է արդյունքները. ֆոտոշարք

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է նպաստել բժշկական մայր բուհում սպորտի զարգացմանը՝ բուհական և միջբուհական տարբեր միջոցառումներում ներգրավվելով ոչ միայն ապագա բժիշկներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմին, բժիշկներին, աշխատակիցներին: Նման միջոցառումներն ու գրանցված հաղթանակները շարունակում են առողջ ապրելակերպի օրինակ ծառայել, մեծացնում են սեփական ուժերի նկատմամբ վստահությունը:

 

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների համար կազմակերպվել էր «Դասախոսական գավաթ» մրցաշար մինի ֆուտբոլ, շախմատ և հայկական երկար նարդի մարզաձևերից: Մրցաշարին մասնակցում էին նաև համալսարանական հիվանդանոցների աշխատակիցներն ու կլինիկական օրդինատորները:

 

Մինի ֆուտբոլում հաջողություններ ունեցան «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժանձնակազմը և Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի աշխատակիցները:

 

Շախմատ մարզաձևից առաջին երեք հորիզոննականները զբաղեցրին և մեդալներով ու հավաստագրերով պարգևատրվեցին Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ասքանազ Ճերմակյանը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը, Ֆարմակոգնոզիայի ամբիոնի դասախոս Վահե Հովհաննիսյանը, իսկ կանանց հավաքականից՝ Հաշվապահական բաժնի մասնագետ Էլմիրա Հայրապետյանը, Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտ Բեգլարյանը և գլխավոր հաշվապահի տեղակալ Արմինե Բալասանյանը:

 

Հայկական երկար նարդի մարզաձևից լավագույն արդյունքները գրանցեցին ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Եղիշ Տերտերյանը, Տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Հայկ Մինասյանը, կանանց հավաքականից՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Վարսենիկ Ապրեսյանը, գրադարանավար Մարինա Առաքելյանը, Կենտրոնական համալիրի բուժկետի բուժքույր Դիանա Հարությունյանը:

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս մասնակցություն ունեցավ հայկական երկար նարդի մարզաձևում՝ այդպիսով կարևորելով բժշկական մայր բուժում մրցաշարերի ակտիվությունը և ֆիզիկական դաստիարակության անհրաժեշտությունը:

 

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշեց, որ ֆիզիկական ակտիվությունը ցանկացած տարիքում կարևոր է, ուստի բժշկական համալսարանում շարունակական է լինելու նման միջոցառումների անցկացումը:

 

«Մասնակիցները շատ ոգևորված էին, քանի որ հնարավորություն ունեին աշխատանքային առօրյայից բացի իրենց ուժերը փորձել սիրելի մարզաձևում, ինչը շատ կարևոր է: Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում համալսարանականներին համախմբվել մեկ հարկի տակ, ծանոթանալ, շփվել: Նրանց ակտիվությունը ոգևորիչ օրինակ է դառնում նաև ուսանողների համար, ովքեր ցանկանում են իրենց ուժերը փորձել տարբեր սպորտաձևերում»,-ամփոփելով մրցաշարի արդյունքներն ասաց ամբիոնի վարիչը:

 

Հարություն Թամիրյանի խոսքով՝ ամբիոնը պատրաստ է առաջիկայում տարբեր մրցաշարեր կազմակերպել՝ հաշվի առնելով աշխատակիցների ցանկությունը ընդլայնել սպորտաձևերի ցանկը՝ ներառելով սեղանի թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, բատմինտոն և այլ մարզաձևեր: