Բժշկական համալսարանի կարմիր դահլիճն այս անգամ մշակութային շնչով և բարձր տրամադրությամբ լցրեցին քոլեջի ուսանողները:
«Դո ռե մեդ» մշակութային միջոցառման շրջանակում հանդես եկավ 40 ուսանող՝ «Նվագ», «Պար», «Երգ» և «Ասմունք» անվանակարգերում: Կատարումները գնահատվեցին 1-ից 10 բալային համակարգով: Ժուրիի անդամները ելույթները դիտարկեցին ինչպես տեխնիկական, այնպես էլ ստեղծագործական տեսանկյունից՝ արդար և օբյեկտիվ գնահատականներ տալով: Յուրաքանչյուր անվանակարգում ընտրվեց հաղթող. «Պար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գայանե Մելքոնյանը, «Ասմունք»՝ Էրիկ Մարտիրոսյանը, «Երգ»՝ Մարիա Առաքելյանը, «Նվագ»՝ Ալեքսանդր Ավագյանը:
ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը կարևորեց մշակութային միջոցառումների անցկացումը: «Բժշկի մասնագիտություն ընտրած մարդը, որը մոտ է նաև մշակույթին, շատ առավելություններ ունի: Բժշկական գործում բացի լավ մասնագետ լինելուց կարևոր է նաև մարդկային հատկանիշները»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է:
Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանի խոսքով՝ քոլեջի ուսանողների մեծ մասը բարձր առաջադիմության հետ մեկտեղ աչքի է ընկնում նաև տաղանդով: «Այսօր հաղթել են բոլորը, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը յուրահատուկ էր իր ելույթով: Այս միջոցառման հիմքում սեր էր, ընկերասիրություն»,- ասաց նա՝ ուսանողներին խորհուրդ տալով շարժվել առաջ՝ հստակ ու վստահ քայլերով:
Բժշկական բուհի քոլեջի ուսանողական խորհրդարանի նախագահ Վարդան Ադիլյանը, որը միջոցառման կազմակերպան հարցում մեծ դեր է ունեցել, նշեց, որ արդեն երկրորդ տարին է «Դո ռե մեդ» մշակութային ծրագիրը բացահայտում է քոլեջի տաղանդներին: «Այսօր մենք ձեռք բերեցին անմոռանալի հիշողություններ»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ միջոցառումը շարունակական կլինի՝ ամեն անգամ մեկ հարկի տակ հավաքելով շնորհալի ապագա մասնագետներին: