ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց սեմինար՝ նվիրված մրցունակ դրամաշնորհային հայտեր գրելու հիմունքներին։ Այն նախատեսված էր հետազոտողների, գիտաշխատողների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրամաշնորհային մրցույթներին դիմելու և ակադեմիական հոդված գրելու հմտություններ։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող և հայ հետազոտական հանրության համար հասանելի դրամաշնորհային ծրագրերը, դրանց ընձեռած հնարավորությունները։ «Սրանք կարողություններ են, որոնք շունչ են տալիս գիտության լինելիությանը, կայունությանն ու զարգացմանը», – ընդգծեց պրոռեկտորը։
Տեղական դրամաշնորհները պրոֆեսորը պայմանականորեն դասակարգեց 2 խմբի․ առաջին խումբն ուղղված է առավելապես գիտության ոլորտում մրցակցային պայմանների խթանմանը և երիտասարդ հետազոտողների ներգրավվածության բարձրացմանը, երկրորդը՝ առկա ենթակառուցվածքների զարգացմանը։
Պրոռեկտորը խորհուրդ տվեց դիմելու պահին արդեն իսկ նախատեսել՝ որտեղ է դրամաշնորհն իրագործվելու՝ ապահովելով փոխշահավետ համագործակցությունը: Նա հորդորեց որևէ նախագծի դիմելուց առաջ ճիշտ գնահատել առկա իրավիճակը, մարդկային և նյութական ռեսուրսները՝ հաշվի առնելով, որ այդ գործընթացում կարևոր պայման է հաշվետվողականությունը: Նա նաև կարևորեց մրցույթների պայմանների բոլոր մանրամասներին ծանոթ լինելու հանգամանքը։
Սեմինարի հյուրն էր բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի խորհրդատվական մարմնի անդամ, Վարշավայի Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Յացեկ Յավորսկին, որը մասնագիտացած է մոլեկուլային և բջջային նեյրոկենսաբանության ոլորտում։
Պրոֆեսորն օգնեց ներկաներին գտնել այն գործիքները, որոնցով կարելի է շահել միջազգային դրամաշնորհներ։ Մասնագետը հանգամանալից ներկայացրեց դրամաշնորհ գրելու «նուրբ արվեստը» (Grantsmanship), կիսվեց իր փորձով, մատնանշեց դրամաշնորհներ գրելու նպատակները, անդրադարձավ դրանց տեսակներին։
Միջոցառման շրջանակում Յացեկ Յավորսկին խոսեց նաև գործնական հմտությունների մասին, որոնք կօգնեն միջազգային հեղինակավոր ամսագրերում հաջողակ հոդված գրելու ընթացքում: