Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ձգտելով կատարելության». համագումար՝ ամերիկահայ բժիշկների պատվիրակության մասնակցությամբ

«Ձգտելով կատարելության». համագումար՝ ամերիկահայ բժիշկների պատվիրակության մասնակցությամբ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը երկրորդ անգամ հյուրընկալում է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։

Սեպտեմբերի 25-ից 26-ն անցկացվող միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվեց ԵՊԲՀ-ում՝ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ներկայությամբ:

Ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով բժշկական համագումարի մասնակիցներին, դեսպան Քրիստինա Քվինին, ընդգծեց՝ համագործակցությունը, որը շուրջ մեկ տասնամյակ առաջ սկսվել ու հաջողությամբ շարունակվում է՝ Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ, այսօր թևակոխում է նոր փուլ:

«Գործընկերների հետ մեր երկարամյա կապը սկիզբ է առել այն ժամանակ, երբ բժշկական բուհը դեռ չուներ միջազգային հավատարմագրում: Այս տարի համալսարանը կարողացավ հաղթահարել հավատագրման դժվարին շեմը և յոթ տարով ստացավ «Բուժական գործ» երեք կրթական ծրագրերի՝ ամենաբարձր կարգավիճակն ունեցող միջազգային հավատարմագրումը», – նշեց ռեկտորը՝  հավելելով, որ ԵՊԲՀ շրջանավարտներն արդեն հնարավորություն կունենան աշխատել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում, այլուր՝ հանձնելով համապատասխան քննություն և իրենց նպաստը բերելով երկրին, համալսարանին ու մարդկությանը:

«Այստեղ գտնվող մեր գործընկերները քննարկելու են գերժամանակակից մոտեցումներով բժշկագիտության կարևոր հարցեր, որոնք վերջին 10 տարվա ընթացքում հսկայական ազդեցություն են թողել բժշկության զարգացման վրա: Երբ խոսում ենք Հայաստանում բժշկության զարգացման մասին, անհնար է չգնահատել այն մեծ դերը, որն ունեցել է սփյուռքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի մեր գործընկերները, որոնք երկար տարիներ անշահախնդիր կրթական ծրագրերով, իրենց հմտություններով և վիթխարի փորձով հարստացրել են մեր առողջապահական համակարգը», – շեշտեց Արմեն Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, Պերճ Աբգարյանին մարդասիրական գործունեությունը հետևողականորեն իրականացնելու համար:

ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց՝ մեծ պատիվ է, որ այս միջոցառմանը ներկա է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որն իր ներկայությամբ գիտաժողովին հաղորդում է նոր որակ՝ հաշվի առնելով, որ միջազգային հավատարմագրումից հետո գործընկերությունը ստացել է ավելի հստակ շրջանակ: Նա հույս հայտնեց, որ  ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մեր շրջանավարտները կշարունակեն իրենց մարդասիրական աշխատանքը՝ հագեցնելով թե՛ մայր բուհը, թե՛ հայաստանյան առողջապահական համակարգը:

Կոնֆերանսին արգասաբար և հաջող ընթացք մաղթելով՝ բուհի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց այս նախաձեռնությունը շարունակել ամեն տարի, համալսարանի հարստություն հանդիսացող շրջանավարտների միության մեջ ստեղծել գործընկերային հարթակ, որով այս գործակցությունը կկարողանա առարկայական դառնալ ոչ թե տարին մեկ անգամ, այլ ավելի հաճախ:

Դեսպան Քրիստինա Քվինն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշեց․ «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել, քանի որ կոնֆերանսը համանախագահում է հարգելի գործընկերս իմ հայրենի Ֆրեզնո (Կալիֆորնիա) քաղաքից։ Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ հաստատուն կերպով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։

Մենք խոսում ենք համագործակցության կարևորության մասին, ինչը համահունչ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև օրեցօր ուժեղացող գործընկերությանը։ Գործակցությանը խթանում են մարդիկ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի և Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքի միջև զարմանալիորեն ամուր և դինամիկ հարաբերությունները։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է ոչ միայն մեր այսօրվա աշխատանքի, այլև այն բազմաբնույթ ոլորտների համար, որտեղ մենք աշխատում ենք համատեղ, դրանք են առողջապահությունը, աղետներին արձագանքը, տնտեսությունը և առևտուրը, ժողովրդավարությունը, պաշտպանությունը և կրթությունը»։

Երևանի պետական բժշկական համալսարանի և Ֆրեզնոյում պատվավոր հյուպատոսության հետ փոխգործակցությունը, դեսպանի համոզմամբ, ոչ միայն դյուրացնում է կրթական և մասնագիտական փոխանակումը, այլև վերականգնում է համագործակցային ոգին համաշխարհային առողջապահական մարտահրավերներին դիմակայելու համար:

Պացիենտների խնամքի բարելավմանն ուղղված գործունեությունը, Քրիստինա Քվինի խոսքով, կարևոր է Հայաստանի առողջապահության ոլորտի համար, այն նաև նպաստում է ԱՄՆ կառավարության կողմից հանրային առողջապահական համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանի ժողովրդի առողջության պահպանումն է։

«Կիսելով լավագույն փորձն ու ռեսուրսները՝ մենք կարող ենք ուժեղացնել մեր երկրների կարողությունները՝ կառուցելու դիմացկուն հասարակություն։ Մեր կառավարությունները և քաղաքացիները կարող են արդյունավետորեն արձագանքել ճգնաժամերին, արձանագրել տնտեսական առաջընթաց և նշանակալի ներդրում ունենալ առողջապահության և այլ բնագավառներում համաշխարհային գիտելիքի մեջ: Հայաստանը միշտ առանձնանում է կրթությունն ու նորարարությունը գնահատելու կարողությամբ. այս դահլիճում բոլոր ներկաները դրա վառ օրինակն են: Հայաստանը շարունակում է ձգտել կատարելության միջազգային գործընկերության բազմաթիվ ոլորտներում», – ասաց ամերիկացի դիվանագետը և բարձր գնահատեց Ֆրեզնոյից ժամանած բժիշկների պատրաստակամությունը՝ ընդլայնելու գիտելիքի և հմտությունների փոխանակման ծրագրերը։ «Ձեր նվիրվածությունը և փորձառություննն անգնահատելի են մեր հասարակության առջև ծառացող բարդ մարտահրավերների ուղղորդման տեսանկյունից։ Ձեր նվիրումն առողջապահության բարելավմանը և հասարակության ամենաարդի կարիքների արձագանքմանն արտացոլում է պրոֆեսիոնալիզմի և կարեկցանքի ամենաբարձր չափանիշները, որոնք ես կցանկանայի, որ ունենային բոլորը բժշկական մասնագիտության մեջ:  Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի խրախուսել մեզ բոլորիս շարունակել աշխատել միասին՝ կիսելով գիտելիքն ու ռեսուրսները և աջակցելով միմյանց մեր առաքելության իրականացման գործում», – ամփոփեց դեսպան Քվինը։

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը հիշեցրեց՝ համագործակցությունը սկսվեց մոտ տասը տարի առաջ․ «Շուրջ տասը տարի առաջ ես պատիվ ունեցա ծանոթանալու պարոն Արմեն Մուրադյանի հետ: Տասը տարի անց, ձգտելով լավագույնին, ունենք նոր թեմա, նոր հանգրվան, նոր վերելք:  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դոկտոր Մուրադյանին, իր անձնակազմին` հատկապես բժիշկ Գևորգ Թամամյանին: Դեսպան Քվինի ներկայությունն, իսկապես,  առանձնահատուկ շունչ է հաղորդում  մեր այս համագումարին», – փաստեց նա։

Մասնագիտական զեկույցների քննարկումը մեկնարկեց լյարդի հիվանդության վերաբերյալ հանգամանալից տեղեկատվության ներկայացմամբ․ Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի (UCSF) կլինիկական պրոֆեսոր և Լյարդի ծրագրի ղեկավար Մարինա Ռոյտմանը տեսակապով խոսեց հիվանդության առաջացման նախանշանների, դրա բուժման արդյունավետ և նորարարական մեթոդների մասին։

Բարիատրիկ վիրաբուժության ոլորտում վերջին զարգացումներին և ռոբոտային վիրաբուժության առաջընթացին ծանոթացրեց անվանի ամերիկահայ բարիատրիկ վիրաբույժ, Ֆրեզնոյի բժշկական կենտրոնի Վիրաբուժության բաժանմունքի ընդհանուր վիրաբույժ Վան Պողոսյանը։  

Յեյլի բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շերոն Չեքիջյանն անդրադարձավ Հայաստանում անհետաձգելի բժշկության անցյալին, ներկային և ապագային՝ ընդգծելով այդ ոլորտում համապատասխան համակարգերի զարգացման անհրաժեշտությունը։

Նշենք, որ համագումարի շրջանակում ԱՄՆ-ից եկած պատվիրակությանն ընդունեց ԵՊԲՀ ռեկտորը` մեծապես կարևորելով այն  ծավալուն, տարիներ շարունակ կատարվող գնահատելի աշխատանքն ու ձևավորված գործակցությունը:

Բժշկական մեծ առաքելություն իրականացնող ամերիկահայ բժիշկների պատվիրակությունն արդեն 12-րդ անգամ է Հայաստանում։

Դեռևս 2015 թվականից սկսած՝ Պերճ Աբգարյանի ղեկավարությամբ ԱՄՆ-ից բժշկական խմբեր են գալիս Հայաստան` բնակչությանը բժշկական սպասարկում և խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Մշտապես պատվիրակության կազմում են արտերկրում բնակվող հայ բժիշկները, որոնց նպատակն է մարդասիրական մասնագիտությամբ պիտանի և օգտակար լինել հայրենիքին:

Համագումարը կշարունակվի նաև վաղը՝ սեպտեմբերի 26-ին․ մասնագետները կքննարկեն լապարասկոպիկ վիրաբուժության արդի խնդիրներն ու դրանց լուծումները, գլխուղեղի կաթվածի կանխարգելումն ապրելակերպի փոփոխության միջոցով և բազմաթիվ այլ հարցեր, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում ժամանակակից բժշկագիտության ոլորտում։