ԵՊԲՀ քոլեջի Ուսանողական Խորհրդարանի կողմից կազմակերպված «Պիտի ապրի դարերում» խորագրով միջոցառումը նվիրած էր 20-րդ դարի հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցին։
Քոլեջի տարբեր կուրսերում սովորող ուսանողները հանդես եկան ոչ միայն չարենցյան ընթերցումներով, այլև հետաքրքիր ներկայացում էին պատրաստել. «տեղափոխվելով» նախորդ դար նրանք հանդիպեցին մեծանուն գրողին՝ օգնելով նրան գրել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
«Մտովի մի պահ ես ու վստահ եմ բոլորդ տեղափոխվեցինք 1900-ականների սկիզբ: Շատ ուրախ եմ, որ մեր ուսանողների համար կարևոր է հայ պոեզիան, հայ գրականությունը: Դուք ունեք նախաձեռնողականություն, պատասխանատվություն և հետևողական եք այս միջոցառման կազմակերպման հարցում, ունեք նաև պարտքի զգացում, որ մեր հայ պոեզիան անգամ բժշկական համալսարանում չստվերվի, լուսանցքում չմնա, ինչի համար բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում»,- դիմելով սովորողներին նշեց քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը՝ հավաստելով, որ նման գրական, մշակութային նախաձեռնությունները շարունակական են լինելու:
Միջոցառման ավարտին ուսանողները անվանի բանաստեղծին նվիրված պաստառ հանձնեցին Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպման հարցերում ամբիոնի դասախոսների ջանքերի համար։