Համալսարանական մասնագետներն արդեն երեք տարուց ավելի է սերտորեն համագործակցում են ֆրանսիացի գործընկերների հետ էլեկտրանեյրոմիոգրաֆիայի և նյարդամկանային հիվանդությունների դիագնոստիկայի և բուժման ոլորտում։ Այդ փոխգործակցության հիմքը հանդիսացող հանդիպում-սեմինարների մեկնարկը տրվել է 2021 թվականի հունվարին։ Տարեկան 2 անգամ անցկացվող դասընթացներից յոթերորդը հոկտեմբերի 30-ին էր։
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, նյարդաբան, բ․գ․թ․ Բելլա Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումներին մասնակցում են և՛ գործող բժիշկներ, և՛ կլինիկական օրդինատորներ։
«Ծրագիրը սկսվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ 2021 թվականի հունվարին ֆրանսիացի բժիշկները՝ Ֆրանսիայի կառավարության կարգադրությամբ, ժամանեցին Հայաստան՝ օգնելու վիրավորում ստացած զինվորների բուժման խնդիրներում։ Ֆրանսիական պատվիրակության կազմում էր բժիշկ Գի Շոպլանան, ավելի ուշ նրան միացան բժիշկներ Ֆրանսուազ Բոկուղը և Լորան Ժոմիրը։ Մենք սկսեցինք աշխատանքները․ առաջին խնդիրն էր զինվորներին առաջարկել որակյալ բժշկական սպասարկում, որովհետև նրանք շատ-շատ էին, բացի դրանից, համավարակի շրջանն էր։ Առաջնային նպատակն էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ստեղծել էլեկտրանեյրոմիոգրաֆիայի լաբորատորիա», – պատմեց Բելլա Գրիգորյանը։
Էլեկտրանեյրոմիոգրաֆիան, մասնագետի տեղեկացմամբ, ախտորոշում է պերիֆերիկ նյարդերի և մկանների վնասվածքները, որոնք հաճախ էին հանդիպում պատերազմի հետևանքով։
«Հաջորդիվ որոշեցինք, որ մեզ պետք է կրթական ծրագիր, որպեսզի մեր բժիշկները հավաքվեն, կատարելագործվեն, ստեղծենք նոր լաբորատորիաներ և բարելավենք բժշկական սպասարկումը։ Եվ մենք սկսեցինք սեմինարների շարք, որը ենթադրում է ինչպես դասախոսություններ, այնպես էլ գործնական հմտությունների զարգացում», – ներկայացրեց բժիշկ Գրիգորյանը։
Դասընթացի շրջանակում ֆրանսիացի բժշկի օգնությամբ հայ մասնագետները փորձեցին իրենց հմտությունները սարքի վրա։
«Մեր ֆրանսիացի գործընկերներն այցելում են նաև լաբորատորիաներ, այնտեղ զննում պացիենտներին, օգնում մեր բժիշկներին։ Երկու բժշկի ուղարկել ենք Ֆրանսիա՝ Լիոնի համալսարանական հիվանդանոց՝ վերապատրաստվելու։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք նաև Ֆրանսիայում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին, տպագրվում ենք տարբեր միջազգային ամսագրերում։ Ստեղծել ենք լաբորատորիա Գյումրիում, իսկ այս ամսվա ընթացքում նոր լաբորատորիա ենք բացելու Գորիսում։ Օգնել ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված գործընկերոջը՝ աշխատանքի տեղավորման, համապատասխան սարքով ապահովման հարցում», – նշեց Բելլա Գրիգորյանը:
Ֆրանսիացի բժիշկ Գի Շոպլանան հիշեց․ «Մենք եկանք Հայաստան երեք տարի առաջ՝ պատերազմից հետո, որպեսզի օգնենք վիրավոր զինվորների խնամքի հարցում։ Նմանատիպ սեմինարներ նախաձեռնեցինք Բելլա Գրիգորյանի հետ՝ բարելավելու հայ մասնագետների գիտելիքն ու հմտությունները»։
Նա արդեն ութերորդ անգամ է այցելում մեր երկիր։
«Չկա կասկած, որ փոխգործակցությունը կլինի շարունակական․ դեռ շատ պացիենտներ ունենք բուժելու», – վստահեցրեց Գի Շոպլանան։