Հայրենի բժշկագիտության զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած բժիշկ-գիտնական, առողջապահության կազմակերպիչ Էմիլ Գաբրիելյանի անունը կրող կրթաթոշակառու լինելը պատվաբեր կոչում է բոլոր ժամանակներում, որը 2024-2025 ուսումնական տարում Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գոհար Խուդոյանը կրում է մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ:
«Լինել Էմիլ Գաբրիելյանի անվան կրթաթոշակառու՝ պարտավորեցնող է, քանի որ այն ոչ միայն ամրագրում է անցյալի մեծ ավանդը, այլև դրդում է ապագայում այն արդարացնել՝ գիտության և առողջապահության ոլորտում իմ ներդրումով։ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կենսագրությունն ուսումնասիրելիս ինձ ամենաշատը ներշնչում են նրա մարդասիրությունը, գիտական մոտեցումները և այն, թե ինչպես է նա համատեղել կրթությունը, նորարարությունն ու ազգային արժեքները։ Նրա օրինակն ինձ ստիպում է միշտ ձգտել կատարելության՝ ոչ միայն որպես մասնագետ, այլև որպես մարդ»,- ընդգծում է Գոհարը:
Նրա գնահատմամբ՝ լավ սովորող լինելը միայն առաջադիմության ցուցանիշ չէ։ Այս կարգավիճակը պահանջում է կարգապահություն, ժամանակի ճիշտ կառավարում և առավելագույն նվիրում։
«Յուրաքանչյուր հաջողություն ոգեշնչում է շարունակել աշխատել ավելի շատ ու հավակնել ավելիին։ Սովորելու ընթացքում, իհարկե, առաջանում են դժվարություններ, որոնց հաղթահարումը հնարավորություն է տալիս ապագայում դառնալ պիտանի և արժանի մասնագետ»,- ասում է անվանական կրթաթոշակառուն։
Բժշկագիտության բնագավառում հաջողելու համար, ըստ նրա, անհրաժեշտ են մի քանի առանցքային հատկանիշներ՝ նվիրվածություն և աշխատասիրություն, քանի որ դեղագիտությունը սրընթաց զարգանում է՝ պահանջելով անընդհատ սովորել և կատարելագործվել։
Ուսանողը հաջողելու իր սանդղակն է սահմանում.
Ապագայում Գոհարն իրեն տեսնում է դեղագիտության այն ճյուղում, որն ուղղված է նոր դեղերի սինթեզին և արտադրությանը:
«Դեղերի արտադրությունն ու սինթեզը միշտ հետաքրքրել են ինձ, քանի որ այս ոլորտը գիտական հետազոտությունների և արդյունաբերության խաչմերուկում է։ Ինձ համար հատկապես ոգեշնչող է այն միտքը, որ դեղերի սինթեզի միջոցով հնարավոր է ոչ միայն ուսումնասիրել բնական միացությունները, այլև ստեղծել նոր, քիմիապես ձևափոխված նյութեր, որոնք կարող են ավելի լավ արդյունքներ ապահովել հիվանդությունների բուժման մեջ»,- շեշտում է ապագա դեղագետը՝ ավելացնելով, որ դեղերի սինթեզի ոլորտը այն տեղն է, որտեղ կարող է օգտագործել իր գիտելիքը և հմտությունները՝ դառնալու համար արդյունավետ և պատասխանատու մասնագետ, որը կարող է մասնակցել կյանքի որակը բարձրացնող նորարարությունների ստեղծմանը։