«Հերացի» համալսարանական հիվանդանոցում մեկնարկեցին Եյլի համալսարանի բժշկական դպրոցի Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանի կողմից անցկացվող երկօրյա անվճար խորհրդատվությունները՝ նախատեսված 18 տարին լրացած էպիլեպսիա ունեցող պացիենտների համար։
Խորհրդատվությունների ընթացքում ոլորտի առաջատար մասնագետն անհատական մոտեցմամբ պացիենտների և նրանց բուժող մասնագետների հետ քննարկեց էպիլեպսիային վերաբերող հարցերը, բուժման հնարավոր տարբերակներն ու յուրաքանչյուրի առողջական կարիքներին համապատասխանող լուծումները։
Նյարդաբանական ծառայության ղեկավար, Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանի գնահատմամբ` պրոֆեսոր Ալին Հերլոպյանի այցը կարևոր է ինչպես բուժական, այնպես էլ կրթական տեսանկյունից։
«Համալսարանական հիվանդանոցները, հանդիսանալով կրթօջախներ, համագործակցում են տարբեր բուհերի հետ, որոնցից է նաև Եյլի համալսարանը», – ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կլինիկական օրդինատորների վերապատրաստման դասընթացներ։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանը նախաձեռնել է «Հերացի» հիվանդանոցում հիմնել Էպիլեպտալոգիայի ծառայություն, ինչը թույլ կտա իրականացնել էպիլեպսիայի ախտորոշում, բուժել և հետևողական վերահսկել էպիլեպսիա ունեցող պացիենտներին։
Ծառայությունը կառաջնորդվի ժամանակակից բժշկության և նյարդաբանության վերջին ձեռքբերումներով՝ ապահովելով բարձրակարգ մասնագիտական աջակցություն ինչպես նոր ախտորոշված, այնպես էլ քրոնիկ ձևով տառապող պացիենտների համար։ Այստեղ կտրամադրվեն բազմակողմանի խորհրդատվություններ, կանցկացվեն կլինիկական և լաբորատոր հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում՝ համագործակցություն այլ մասնագիտացված ծառայությունների հետ։
Ալին Հերլոպյանը ընդգծեց, որ իր` «Հերացի» համալսարանական հիվանդանոցի և Երևանի պետական բժշկական համալսարանի հետ շուրջ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես մասնագետների փորձի փոխանակման, այնպես էլ էպիլեպսիա ախտորոշում ունեցող պացիենտների համար։
«Այսօրվա այցելուները ևս մեկ անգամ փաստեցին, որ Էպիլեպտալոգիայի ծառայության հիմնումը օգտակար և անհրաժեշտ քայլ է այս ոլորտում առաջընթաց ունենալու համար», – նշեց պրոֆեսոր Հերլոպյանը։
Շուրջ 10 պացիենտի խորհրդատվություն տրամադրելուց հետո Ալին Հերլոպյանը ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին ներկայացրեց մասնագիտական զեկույցներ՝ «Էպիլեպսիայի ռադիոլոգիական ասպեկտները, արդի բուժումը», «Էպիլեպսիայով հղիների վարումը» թեմաներով՝ կիսվելով արդի, միջազգային գիտելիքով և կլինիկական փորձով։
Նա պատասխանեց այս ոլորտում մասնագիտանալ ցանկացող սովորողների հարցերին։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ալին Հերլոպյանին ընդունեց «Հերացի» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը: Քննարկվեցին կրթական համագործակցության խորացման, ինչպես նաև բժիշկների և օրդինատորների վերապատրաստման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Հաջորդիվ Եյլի համալսարանի բժշկական դպրոցի Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսորը հանդիպում ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի հետ: Կարևորվեց միջազգային լավագույն փորձի ինտեգրումը ԵՊԲՀ կրթական համակարգում, մասնավորապես՝ նյարդաբանական մասնագիտացման շրջանակում։
Մեծ պատրաստակամությամբ համալսարանական հիվանդանոց և բժշկական մայր բուհ այցելած հայազգի պրոֆեսորն իր մասնագիտական խորհրդատվությունը կշարունակի նաև վաղը՝ ընդունելով նախապես հերթագրված ևս 10 պացիենտ։