Մայիսի 29-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի ունեցավ ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Կյոտոյի (Ճապոնիա), Բրյուսելի միջազգային գրողների ասոցիացիաների անդամ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մոնոդրամայի պրեմիերան:
Մոնոդրաման կյանքի կոչվեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կողմից. բեմադրիչ՝ Արմեն Բայանդուրյան, դերասան՝ Աշոտ Սիմոնյան:
Արմենուհի Սիսյանը նշեց, որ ներկայացումը երկու օր առաջ բեմադրվել է Թբիլիսիում՝ Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում, քանի որ 163 տարվա պատմություն ունեցող Պ.Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի շենքն այժմ վերակառուցվում է Թբիլիսիի կենտրոնում:
Ագռավի մենախոսությունը ներկայացված էր փիլիսոփայական խորը նրբերանգներով:
Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և երկարատև ծափահարություններով արձագանքեց բեմադրությանը: Պրեմիերային ներկա ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ջերմորեն շնորհավորեց ստեղծագործական անձնակազմին և դրամատուրգ Ա. Սիսյանին։ Նշենք, որ ներկայացմանը ներկա էին նաև արվեստի ճանաչված գործիչներ՝ Ն. Մալյանը, Հ. Ղազանչյանը, Վ. Շահվերդյանը, վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը, Կարինե Խոդիկյանը և այլք։