Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վահան Մելիքյանը և նույն ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: ԵՊԲՀ աշխատակիցները ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կողմից կազմակերպած «Պատմություն եւ մշակույթի էջեր» խորագրով ծրագրի մասնակիցներն են:
«Արդեն ինը տարի այս ծրագրի շրջանակում տարվա ընթացքում չորս անգամ մեկնում ենք Արցախ և տարաբնույթ դասախոսություններ, հանդիպումներ կազմակերպում զինվորների, սպաների համար»,- նշեց Վահան Մելիքյանը: Օրեր առաջ հերթական այցի ընթացքում իրենց համար անսպասելի, բայց շատ հաճելի և պարտավորեցնող էր, որ անձամբ Արցախի նախագահի կողմից արժանանանալու են պետական պարգևի:
Նշենք, որ «Պատմություն եւ մշակույթի էջեր» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, շարունակական է լինելու: Այն նպատակ ունի նպաստելու բանակի եւ հասարակության միջեւ սերտ կապերի հաստատմանը, ինչպես նաեւ օժանդակելու զինծառայողների գաղափարական, հայրենասիրական ու հոգեւոր դաստիարակությանը: Ծրագրի շուրջ համախմբվել են 100-ից ավելի գիտնական, դասախոս, տարբեր մասնագետներ, որոնք ներկայացնում են 15 գիտական, կրթական եւ մասնագիտացված հաստատություններ, կազմակերպություններ: