Բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի՝ այս ուսումնական տարվա հնդիկ շրջանավարտներ Արաֆաթ Հուսեյն Իբրահիմը, Էլակկիա Պրիա Անանդանը և Վիջայարաջա Շանմուգամը մոտ ընկերներ են։
Ապագա բժիշկներն աջակցել ու ամուր հենասյուն են եղել միմյանց ուսումնառության 6 տարվա ընթացքում: Միասին նշել են մեծ ու փոքր ձեռքբերումները և քաջալերել միմյանց անհաջողությունների պարագայում:
Աջակցությունից զատ, ընկերները միասին ուսումնասիրություններ են կատարել, ստեղծել են ուսումնական խմբակներ, ծավալել աշխույժ քննարկումներ, կիսել գիտելիքներն ու ռեսուրսները, միմյանց առաջ մղելով՝ օգնել բացահայտելու իրենց ողջ ներուժը: Ինտելեկտուալ հետաքրքրասիրության և ուսման գործընթացին նվիրվածության շնորհիվ հնդիկ շրջանավարտները միմյանց ոգեշնչել են ձգտել ակադեմիական գերազանցության, նրանց ընկերությունը գույն ու եռանդ է հաղորդել ուսումնառության ճանապարհին՝ դարձնելով այն ավելի հիշարժան:
Արաֆաթ Հուսեյն Իբրահիմը լի է վճռականությամբ և բժշկի մարդասիրական մասնագիտությամբ ուրիշներին ծառայելու հանձնառությամբ:
«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Երևանի պետական բժշկական համալսարանին՝ ուսման ընթացքում աջակցության և առաջնորդության համար: Իմ սրտում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում բժշկական բուհը։ Այն արդեն մի քանի տարի է, ինչ տուն է ինձ համար: Առաջին հերթին, բժշկական ուսանող լինելն արտոնություն է, բայց և՝ ահռելի պատասխանատվություն: Մեզ վստահված է այն անհատների կյանքն ու բարեկեցությունը, որոնք գալիս են մեզ մոտ՝ փնտրելով խնամք և բուժում: Ամեն օր մենք ընկղմվում ենք գիտելիքի աշխարհ, որտեղ միահյուսվում են գիտությունը, կարեկցանքն ու մարդկային շփումը: Մենք ականատես ենք լինում մարդու մարմնի հաղթանակներին և մարտահրավերներին, սովորում ենք կողմնորոշվել տարատեսակ բարդությունների դեպքում», – նշում է Արաֆաթը: Բժշկական կրթության ողջ ընթացքում, նրա խոսքով, ապագա բժիշկները պարզապես դասագրքեր չեն ուսումնասիրում կամ փաստեր անգիր սովորում: «Մենք զարգացնում ենք մարդու մարմնի խորը ըմբռնումը, կատարելագործում ենք մեր կլինիկական հմտությունները, հիվանդներին կարեկցելու և նրանց հետ շփվելու մեր կարողությունը։ ԵՊԲՀ-ի մեր դասախոսներն օգնեցին մեզ սովորել արդյունավետ հաղորդակցվել, ուշադիր լսել՝ առաջարկելով հարմարավետություն և աջակցություն պացիենտի խոցելիության դեպքում: Դրա շնորհիվ մենք իսկապես ընկալեցինք մեկ այլ մարդու խնամքն ապահովելու առավելությունը», – պատմում է հնդիկ շրջանավարտը:
Ապագա ծրագրերի մասին խոսելիս Արաֆաթը նշում է, որ առաջին անելիքն է լինելու հանձնել Օտարերկրյա բժշկական շրջանավարտների քննությունը (FMGE), որը կարևոր իրադարձություն է նրա համար՝ որպես միջազգային բժշկական շրջանավարտ։ «Այս քննությունը հաջող հանձնելու դեպքում մենք հայրենի երկրում լիցենզավորված բժշկական մասնագետներ կհամարվենք: Դրանից հետո մենք մեկ տարվա ընթացքում կզարգացնենք մեր գործնական հմտությունները: Ես ընտրել եմ ընդհանուր վիրաբուժությունը։ Իմ ընտրած ուղին հեշտ չէ, այն ասես կոչ լինի, որն ուղղված է շոշափելի փոփոխություն մտցնելու հիվանդների կյանքում և իմ ներդրումն ունենալու բժշկության ոլորտում: Մենք բժշկության ապագան ենք, և դրա հետ մեկտեղ մեզ վրա ենք վերցնում ոլորտն առաջ մղելու հսկայական պատասխանատվություն: Մեր պարտքն է փնտրել նորարարական լուծումներ և նպաստել բժշկական հետազոտություններին և առաջընթացին․ մենք ունենք առողջապահության ապագան ձևավորելու ներուժ», – վստահեցնում է Արաֆաթ Հուսեյն Իբրահիմը:
Էլակկիա Պրիա Անանդանն ապագա մանկաբարձ-գինեկոլոգ է։ «Ուրախ եմ, որ ավարտել եմ հենց իմ նախընտրած բուհը: Ակադեմիական առումով սկզբում բավականին դժվար էր, բայց հետո աստիճանաբար սկսեցի լավագույնս աշխատել ինձ վրա։ Այդ բոլոր տարիներին զարգացրել և կատարելագործել եմ բազմաթիվ կենսական հմտություններ, ինչպիսին, օրինակ, գործնական հաղորդակցությունն է՝ գիտակցելով այդ հմտությունների արժեքն իմ հետագա կարիերայի համար», – շեշտում է Էլակկիան՝ հավելելով, որ բժշկական համալսարանում կրթությունն օգնեց նրան զարգացնել գործնական հմտությունները:
Վիջայարաջա Շանմուգամն ապագա օրթոպեդիկ վիրաբույժ է։
Նրա խոսքով՝ բժիշկը պետք է սովորի ողջ կյանքի ընթացքում: «Բժշկությունն անընդհատ զարգացող ոլորտ է, որտեղ ամեն օր ի հայտ են գալիս նոր բացահայտումներ ու հայտնագործություններ: Մենք պետք է պարտավորվենք քայլել նորագույն գիտելիքներին և լավագույն փորձին համընթաց, զարգացնել մեր հմտությունները և ընդունել շարունակական կատարելագործման հայեցակարգը: Որպես Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ՝ մենք կրում ենք արժեքավոր գիտելիք, հետևաբար պետք է վստահորեն առաջ գնանք՝ ընդունելով այն հսկայական պատասխանատվությունն ու առավելությունը, որոնք ունի առողջապահության ոլորտի մասնագետը։ Միասին ձգտենք դրական ազդեցություն թողնել անհատների, համայնքների և ընդհանրապես աշխարհի բնակչության կյանքի որակի վրա», – ընդգծում է ապագա բժիշկը:
Նշենք, որ ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտները 2022-2023 ուսումնական տարում աշխարհի 16 երկրից են: Այս տարի բժշկական բուհն ավարտեց շուրջ 200 օտարերկրացի ապագա բժիշկ: