Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ի հրավերով Հայաստանում է Ռուսաստանից ժամանած անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանը

ԵՊԲՀ-ի հրավերով Հայաստանում է Ռուսաստանից ժամանած անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանը

Այսօր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կազմակերպվել էր կլոր սեղան- քննարկում էնդոկրինոլոգների և էնդոկրին-վիրաբույժների մասնակցությամբ: Քննարկումը նշանակալից էր նրանով, որ իր մասնագիտական հարուստ փորձով կիսվեց Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը:

Քննարկման սկզբում ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանն ուրախությամբ նշեց, որ հանդիպումը թույլ կտա մասնագետներին կիսվել փորձի փոխանակմամբ՝ ավելի արդյունավետ դարձնելով հետագա աշխատանքները:

Նա նաև նշեց, որ պրոֆեսոր Ազիզյանը երեկ, ինչպես և այսօր Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կատարելու է վահանագեղձի ախտահարումների մի շարք վիրահատություններ: Ռուբեն Ազիզյանը ողջունելով ոլորտի մասնագետներին շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար՝ ներկայացնելով իր կողմից կատարված բարդ վիրահատությունների դեպքեր: Նրա խոսքով՝ իրենց կլինիկայում մշակվում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ, որոնք դեռևս տարածված չեն Ռուսաստանում:

Ըստ բժիշկ-վիրաբույժի, բացի մասնագիտական հմտություններից շատ կարևոր է հիվանդին ցուցաբերել հոգեբանական լուրջ աջակցություն . «Չես կարող կանգնել ու մարդուն ասել, որ քաղցկեղ ունի, պետք են հոգեբանական աշխատանքներ կատարել»: Այնուհետև պրոֆեսոր Ազիզյանը հանգամանալից ներկայացրեց իրենց կլինիկայի ունեցած արդյունքներն ու հաջողությունները:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց-պատասխան:

Նշենք նաև , որ Ռուբեն Ազիզյանը համալսարանական մասնագետների թիմի հետ Արցախից ժամանած 14-ամյա աղջկա մոտ վահանաձև գեղձի բարդ վիրահատություն է կատարել։ Աղջիկն այժմ հետվիրահատական բարեհաջող փուլում է: