Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի հիմնադրման օրվանից հիմնական առաքելությունն է եղել ուսանողների, կլինիկական օրդինատորների ուսուցումը և ժամանակակից ստոմատոլոգիական կրթական համակարգի զարգացումը։ Երկար տարիներ ամբիոնում ձևավորվում է ապագա մասնագետների կլինիկական մտածողությունը, զարգանում գործնական հմտությունները և ներդրվում ստոմատոլոգիական բուժման ժամանակակից մոտեցումներ։ Ամբիոնի բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողությամբ աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի տարբեր կլինիկաներում և բժշկական կենտրոններում։
Գործունեության տարիներին համալսարանական ստոմատոլոգիական դպրոցը դարձել է Հայաստանում ժամանակակից մուլտիդիսցիպլինար ստոմատոլոգիայի զարգացման կարևոր հարթակներից մեկը։ Կարևոր ուղղություններից մեկը ֆունկցիոնալ մոտեցման և սպլինտ-թերապիայի մեթոդների ներդրումն էր, որոնք հնարավորություն են տալիս բարելավել ատամնածնոտային համակարգի խանգարումների ախտորոշումը և բարձրացնել համալիր ստոմատոլոգիական վերականգնման արդյունքների կայունությունը։
Զուգահեռաբար, ակտիվորեն զարգացել է օրթոդոնտիկ միջամտությունների ինտեգրումը ընդհանուր ստոմատոլոգիական բուժման սխեմաների մեջ։ Նույնիսկ փոքր օրթոդոնտիկ շտկումները բազմաթիվ դեպքերում հնարավորություն են տալիս զգալիորեն բարելավել հետագա ստոմատոլոգիական վերականգնման պայմանները։
Ամբիոնի մասնագետները ներդրել են օրթոդոնտիկ մինի-իմպլանտների, թվային վիրաբուժական շաբլոնների և դենտալ վերականգնման միջմասնագիտական պլանավորման ժամանակակից մոտեցումներ։ Մշակվել և արտոնագրվել են նաև հատուկ ֆիքսող տարրեր՝ օրթոդոնտիկ տեղաշարժերի ընթացքում ոսկրային հենարանի առավել հուսալի ինտեգրման համար։
Զուգահեռաբար, շարունակվում են գիտահետազոտական աշխատանքները ֆունկցիոնալ ստոմատոլոգիայի, ատամների օրթոդոնտիկ էքստրուզիայի, ինչպես նաև դենտալ իմպլանտացիային նախապատրաստվելու ընթացքում ոսկրային և փափուկ հյուսվածքների ծավալի մեծացման մեթոդների ուղղությամբ։
Վերջին տարիներին ամբիոնի զարգացման հիմնական ուղղություններից մեկը դարձել է կրթական և կլինիկական գործընթացների թվայնացումը։
Ինչպես նշում է Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի ամբիոնի վարիչ, Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Հրանտ Տեր-Պողոսյանը, ժամանակակից համալսարանական ստոմատոլոգիան պետք է լինի ոչ միայն կրթական բազա, այլև առաջատար կլինիկական և գիտամեթոդական կենտրոն, որտեղ ներդրվում են ախտորոշման, պլանավորման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ։
Մուլտիդիսցիպլինար մոտեցման իրականացման նպատակով կիրառվում է Dolphin թվային համակարգը, որտեղ կուտակվում է պացիենտի ամբողջ ախտորոշիչ տեղեկատվությունը՝ կլինիկական լուսանկարներ, համակարգչային տոմոգրաֆիայի (CBCT), ներբերանային սկանավորման, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI), ռենտգենաբանական և ֆունկցիոնալ հետազոտությունների տվյալներ։
Միասնական թվային հարթակի օգտագործումը հնարավորություն է տալիս օրթոդոնտներին, օրթոպեդներին, վիրաբույժներին և այլ մասնագետներին համատեղ վերլուծել կլինիկական դեպքերը, իրականացնել հեռավար խորհրդատվություններ և պլանավորել պացիենտի բուժումը միասնական թվային միջավայրում։
Համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի զարգացման կարևոր փուլերից մեկը ժամանակակից թվային ախտորոշիչ համակարգերի ներդրումն էր։
Նոր սարքավորումների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ներբերանային սկաները, որը հնարավորություն է տալիս ստանալ ատամնաշարերի բարձր ճշգրտությամբ եռաչափ պատկերներ՝ առանց ավանդական տպանյութերի և գիպսային մոդելների օգտագործման։ Թվային մոդելները կարող են անմիջապես կիրառվել ախտորոշման, կլինիկական դեպքերի քննարկման և միջմասնագիտական բուժման պլանավորման համար։
«Մեծ ուշադրություն է դարձվում ֆունկցիոնալ ախտորոշմանը։ Կլինիկական պրակտիկայում ներդրվել է K7 ախտորոշիչ համալիրը, որը հնարավորություն է տալիս վերլուծել ստորին ծնոտի շարժումները, քունք-ստործնոտային հոդի վիճակը և ծամիչ մկանների ակտիվությունը։ Ստացված թվային տվյալները հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ որոշել ստորին ծնոտի թերապևտիկ դիրքը և իրականացնել ավելի կանխատեսելի ստոմատոլոգիական վերականգնում։ Լրացուցիչ կիրառվում են նաև օպտոէլեկտրոնային աքսիոգրաֆ և թվային օկլյուզիոն վերլուծության համակարգ, որը թույլ է տալիս գնահատել օկլյուզիոն կոնտակտների բաշխումը և ատամնածնոտային համակարգի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը»,- մանրամասնում է Հրանտ Տեր-Պողոսյանը:
Ախտորոշման մակարդակի բարձրացման նպատակով կլինիկան համալրվել է ժամանակակից ռադիովիզիոգրաֆիկ սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր ճշգրտության թվային ռենտգենաախտորոշում՝ նվազագույն ճառագայթային ծանրաբեռնվածությամբ։
Կլինիկական պրակտիկայում ներդրվել են նաև ժամանակակից էսթետիկ տեխնոլոգիաներ, մասնավորապես, ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համակարգեր։ Դրանց կիրառումը հնարավորություն է տալիս էսթետիկ միջամտությունները կատարել առավել վերահսկելի, խնայող և քիչ ինվազիվ եղանակով՝ նվազեցնելով ատամների կարծր հյուսվածքների վրա հնարավոր ազդեցությունը և բարձրացնելով պրոցեդուրայի անվտանգությունը պացիենտի համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից մանկական ստոմատոլոգիայի զարգացմանը։ Ստոմատոլոգիական ընդունելության ընթացքում ակտիվորեն կիրառվում են VR ակնոցներ, որոնք նպաստում են երեխաների հոգեբանական ադապտացիայի բարելավմանը և ստոմատոլոգիական այցը դարձնում առավել հարմարավետ։
Մանկական ստոմատոլոգիայում ակտիվորեն ներդրվում են նաև կաթնատամների վերականգնման ժամանակակից մեթոդներ, ներառյալ ստանդարտ բարակ պատերով պսակները և տարածությունը պահպանող սարքերը՝ ատամնաշարերի երկրորդային դեֆորմացիաների կանխարգելման նպատակով։
Ժամանակակից ստոմատոլոգիական սարքավորումները համալրված են կլինիկական գործընթացի թվային գրանցման և հեռարձակման համակարգերով։ Պացիենտի համաձայնությամբ բուժումը կարող է իրական ժամանակում փոխանցվել ուսումնական լսարան, որտեղ ուսանողները և կլինիկական օրդինատորները հնարավորություն ունեն հետևելու կլինիկական աշխատանքին և դասախոսների հետ քննարկելու բուժման փուլերը։
Նման մոտեցումը կրթական գործընթացը դարձնում է առավել տեսանելի, պրակտիկային մոտ և ժամանակակից կլինիկական աշխատանքին համահունչ։
Նոր կլինիկական բազայի կազմակերպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև էրգոնոմիկային և սանիտարահիգիենիկ վերահսկողությանը։ Համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ներդրվել է կլինիկական տարածքի կազմակերպման ժամանակակից սկզբունք, որի դեպքում տեխնիկապես բաժանված են պացիենտների շարժը և բժշկական ու օժանդակ անձնակազմի աշխատանքը։
Կլինիկական տարածքների նման կազմակերպումը հնարավորություն է տալիս բարելավել սանիտարահիգիենիկ վերահսկողությունը, օպտիմալացնել աշխատանքային գործընթացները և ստեղծել առավել անվտանգ և հարմարավետ պայմաններ ինչպես պացիենտների, այնպես էլ բուժանձնակազմի համար։
Թվայնացումը նոր հնարավորություններ է բացել նաև գիտահետազոտական գործունեության համար։ Ժամանակակից ախտորոշիչ համակարգերը հնարավորություն են տալիս ստանալ բուժման տարբեր փուլերում արձանագրվող օբյեկտիվ թվային տվյալներ, իրականացնել արդյունքների առավել ճշգրիտ վերլուծություն և ձևավորել կլինիկական տվյալների բազաներ գիտական հետազոտությունների և միջազգային համագործակցության համար։
Ներկայումս քննարկվում է թվային ստոմատոլոգիայի դպրոցի ստեղծումը, որի նպատակն է ուսանողներին և երիտասարդ բժիշկներին վաղ փուլում ներգրավել ժամանակակից թվային տեխնոլոգիաների և ապագայի ստոմատոլոգիայի սկզբունքների յուրացման գործընթացում։
Հրանտ Տեր-Պողոսյանըի գնահատմամբ` համալսարանական ստոմատոլոգիան պետք է ունենա ոչ միայն կրթական և կլինիկական, այլ նաև կարևոր գիտամեթոդական և ուղղորդող դեր ամբողջ ստոմատոլոգիական ոլորտի զարգացման գործում։
Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գիտության, կրթության և գործնական առողջապահության ինտեգրումը, ինչպես նաև ակտիվ մեթոդական գործունեությունը հնարավորություն կտան ԵՊԲՀ ստոմատոլոգիական դպրոցի գիտակրթական և գիտամեթոդական դերը բարձրացնել որակապես նոր մակարդակի։
Ամբիոնի և պոլիկլինիկայի աշխատակիցները շնորհակալություն են հայտնում ԵՊԲՀ ղեկավարությանը՝ ժամանակակից համալսարանական ստոմատոլոգիայի զարգացմանը, կրթական և կլինիկական նախաձեռնությունների աջակցությանը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և մուլտիդիսցիպլինար մոտեցումների ներդրման համար ստեղծված պայմաններին աջակցելու համար։