Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար բացված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կրկին մարդաշատ էր: Անվանի բժիշկները, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բժիշկներն ու բուժաշխատողները շրջայց կատարեցին վերականգնողական կենտրոնում:
ԵՊԲՀ նահապետների վերջին այցից հետո անցել է երկու ամիս, սակայն կարճ ժամանակահատվածում իրականացված հսկայածավալ վերանորոգման, ներքին հարդարման ու վերազինման աշխատանքների շնորհիվ պատմական նշանակություն ունեցող շենքն անգամ մուտքից այժմ բոլորովին այլ, շքեղ տեսք ունի:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ համալսարանականները ծանոթացան թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած մասնաշենքում կատարված աշխատանքներին: Ռեկտորը նշեց, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը սոցիալական նշանակության կարևորագույն ծրագիր է, որը ստեղծվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Այժմ մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկում շինարարական աշխատանքները շարունակվում են: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հերոս տղաները հնարավորություն ունեն վերականգնողական բուժում ստանալ տարածաշրջանում եզակի սարքավորումներով և արհեստավարժ թիմի օգնությամբ:
Բուհի ղեկավարն ընդգծեց, որ իրականացված աշխատանքները երկար տարիների համար են, կատարված են հիմնովին, և որակն առաջնահերթություն է եղել բոլոր հարցերում: Արմեն Մուրադյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կենտրոնում ծրագրվում է հիմնել նաև վերականգնողական բուժման համապատասխան ամբիոն:
Հենց մուտքից կենտրոնը չի կորցրել նաև իր պատմական շունչը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անուն առ անուն հիշում են ու առաջիկայում էլ կմեծարեն բժշկագիտության անվանի ներկայացուցիչներին, կենդանի լեգենդներին, մարդկանց ովքեր մեծ ավանդ ունեն մեր երկրում բժշկագիտության զարգացման գործում: