Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից անցկացված հանդիսավոր միջոցառումն այսօր նվիրված էր բժշկական բուհի նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին:
Այս նախագծի հիմնական նպատակն է վերածել համալսարանական գրադարանը բազմաֆունկցիոնալ կենտրոնի՝ ստեղծելով ուսանողների համար ոգեշնչող միջավայր։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրադարանի վերափոխման նախաձեռնությանը նվիրված միջոցառումը հիշարժան օր որակեց, որը պետք է մնա ապագա բժիշկների հիշողության մեջ` որպես իրենց համալսարանում բեկումնային որոշումների կայացման և որակական փոփոխությունների միջոցով միջազգայնացմանը նպաստող իրադարձություն, ինչը վկայում է, որ ծրագրային հավատարմագրում ձեռք բերած համալսարանը ֆորմալ կերպով մտնում միջազգային ասպարեզ՝ արդիականացված գրադարանով։
«Մենք տեսնում ենք մեր հաջողակ շրջանավարտներին, որոնք աշխատում են շուրջ 40 երկրում, ինչպես նաև 32 երկրից ժամանած շուրջ 2100 արտասահմանցի ուսանողների։ Այդ ամենը մեզ ստիպում է գիտակցել, որ ունենք բժշկական կրթություն արտահանող բարձրագույն ուսումնական հաստատություն, որն այս տանիքի ներքո իրականացնում է մի շարք պարտավորություններ», – ասաց նա։
Բուհի ղեկավարը նշեց, որ բժշկական կրթօջախը հասկանում է ստանձնած սոցիալական պատասխանատվությունը, քանի որ Հայաստանի խոշորագույն բժշկական օպերատորներից է:
«Այդ դաշտում մենք ներկայացված ենք ոչ միայն որպես բժշկական հաստատություն, այլև որպես կրթական և սոցիալական կառույց, որը ներառում է ավագ դպրոց և Զինվորի տուն: Յուրաքանչյուրս, վայելելով ձեր իսկ կողմից ձևավորված վստահության պահերը, անում ենք առավելագույնը մեր ուժերի սահմաններում, երբեմն էլ՝ դրանցից դուրս, որպեսզի արդարացնենք այդ վստահությունը», – շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ դժվար է թերագնահատել այն մեծածավալ աշխատանքը, որն իրականացվում է բուհում։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց գործընկերներին, որոնք, ըմբռնելով այս ամենի կարևորությունը, հստակ և միանշանակ որոշում կայացրին ստեղծել նոր ուսանողական միջավայր:
«Չկա բժիշկ առանց ուսուցչի։ Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին։ Սակայն այս միջավայրը՝ վերակառուցվող գրադարանը, միայն գիտելիքի փոխանցման վայր չէ․ այն ստեղծում է ժամանակակից աշխատանքային մթնոլորտ, որը թույլ կտա մեր ուսանողներին հենց իրենց բուհում ստանալ այն ամենը, ինչի որոնման համար նախկինում ստիպված էին դիմել այլ աղբյուրների ու այլ միջավայրերի», – ավելացրեց նա՝ շարունակելով, որ, լինելով աշխարհի առաջատար բուհերում, ցանկություն է առաջանում նորից վերադառնալ ուսանողական կյանք։
«Այդ զգացողությունը նշանակում է, որ տվյալ բուհում ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որը քեզ մշտապես մղում է կրթվելու և զարգանալու։ Հենց այս գաղափարն է, որ սատարեցին մեր գործընկերները՝ «Կերոն» հիմնադրամը, մեր Կառավարությունը` նախարարների, քաղաքապետի ներկայությամբ վերահաստատելով, որ մեր նորաստեղծ գրադարանը ոչ միայն գրքերի հավաքածու է կամ ընթերցասրահ, այլև ուսանողական նոր միջավայր։ Այն նպաստում է բարձրագույն կրթության զարգացմանը, ինչպես նաև այդ կրթության մրցունակությանը և արտահանմանը միջազգային հարթակներ։ Բժշկական համալսարանն իր 100-ամյա պատմության ընթացքում ձևավորել է «սպիտակ բանակ»՝ լինելով մեր ժողովրդի մշտական պաշտպանն ու ապավենը», – եզրափակեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Շնորհակալություն հայտնելով բոլորին՝ նա առանձնահատուկ նշեց ճարտարապետներին, որոնք մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումների արդյունքում և իրենց մասնագիտական մոտեցումներով կարողացել են հարստացնել բուհի մշակութային ու կրթական կյանքը։ Նա նաև երախտագիտություն հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին, որոնք ակտիվ մասնակցել են գործընթացին՝ ձևավորելով հատուկ աշխատանքային խմբեր և համագործակցելով հիմնադրամի թիմի հետ։
«Բժշկական համալսարանում մեկնարկում է մի նախագիծ, որը վերափոխելու է ոչ միայն այս համալսարանի գրադարանը, այլև համալսարանի գիտակրթական միջավայրը: Գրադարանի վերափոխման նախաձեռնությունը պարզապես տարածքի վերափոխում չէ: Ես վստահ եմ, որ այս փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա ինչպես համալսարանի, այնպես էլ մեր քաղաքի ապագայի վրա: Քաղաքապետարանի համար սա կարևոր նախաձեռնություն է, քանի որ նախագիծը չի սահմանափակվում համալսարանի պատերի ներքո, այն բաց է լինելու բոլորի համար` դառնալով գիտելիքի, նորարարության և ստեղծագործող մտքի համար», – նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Թույլ տվեք նախարարության անունից շնորհավորել բոլորին այս կարևոր նախաձեռնության մեկնարկի առիթով, և իմ` այստեղ ներկա լինելը ոչ միայն որպես բարձրագույն կրթության և գիտության գերագույն մարմնի պատասխանատուի ներկայացում է, այլև մի մարդու, որի ղեկավարած նախարարությունը համակարգում է գրադարանների ոլորտը: Գրադարանները տարածքներ են, որոնք երբեք չպետք է փակվեն, որտեղից երբեք չպիտի ցանկանաս դուրս գալ. դրանք նորը բացահայտելու, անընդհատ աշխարհն ուսումնասիրելու, ճանաչելու տարածքներ են, իսկ սա, կարծում եմ, մարդու, հատկապես ուսանող լինելու շրջանում, ամենաբնական անելիքներից է: Վստահ եմ, որ ԵՊԲՀ-ում գրադարանը լինելու է այդպիսին: Եվ այն խումբը, որը ներառված է այս ծրագրի իրականացման շրջանակում, տալիս է բոլոր հիմքերը` վկայելու, որ կարճ ժամանակ անց մենք ներկա ենք լինելու օրինակելի և ուղենշային տարածքի բացման, որտեղ նաև սովորելու ենք` ինչպես նման գրադարաններում աշխատել», – ելույթում մասնավորապես շեշտեց կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս կարևորեց միջոցառման անցկացումը:
«Այսօրվա իրադարձությունը նշանակալից է ոչ միայն ուսանողների, այլև մեր երկրի, մեր ժողովրդի համար, որովհետև այստեղ ստացած յուրաքանչյուր գիտելիք, կարդացած գիրք, միասին կատարած խմբային աշխատանք, ի վերջո, անդրադառնալու է պացիենտների առողջության, մեր առողջապահական ծառայությունների որակի վրա: Շատ ուրախ եմ, որ նման համագործակցության արդյունքում մենք իսկապես մեր ապագա առողջապահական համակարգի որակի ստանդարտների բարձրացման ևս մեկ կարևոր քայլ ենք իրականացնում», – ասաց առողջապահական գերատեսչության ղեկավարը:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը հատուկ շնորհակալություն հայտնեց քննաշրջանի բարդ ընթացքում ուսանողների և դասախոսների ներկայության համար։
«Իրականում մենք հրավիրել ենք ձեզ այսօր այստեղ՝ հայտնելու, որ ձեզ բավական բարդ ժամանակաշրջան է սպասվում․ լինելու է փոշի, կեղտ, աղմուկ, անհարմար իրավիճակ, ինչի համար «Կերոն» զարգացման հիմնադրամի և իմ անունից նախապես ներողություն եմ խնդրում։ Բայց լավ լուր նույնպես ունենք․ որոշ ժամանակ այդ անհարմարություններին դիմանալուց հետո դուք ունենալու եք մի վայր, մի տարածք, որը լինելու է գերժամանակակից։ Ներկա 600 հազար քառակուսի մետր տարածքով գրադարանի փոխարեն դուք ունենալու եք 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող գերհագեցած, թվայնացված, բաց և փակ դահլիճներով, անհատական և խմբակային պարապմունքների համար նախատեսված սենյակներով մի տարածք, որն ավելին է լինելու, քան գրադարանը։ Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ դուք ոչ միայն կկրթվեք, և, ես վստահ եմ, կդառնաք լավագույն մասնագետներ, այլև հնարավորություն կունենաք անմիջականորեն շփվելու, ստեղծագործելու, ձևավորվելու, ընկերներ ձեռք բերելու, միգուցե, նաև սիրահարվելու», – նշեց նա։
Այս գործի համար, Վանանե Արարքցյանի խոսքով, Նիդերլանդներից հրավիրվել են լավագույն գործընկերները, ովքեր աշխարհի առաջատար համալսարանների հենց գրադարանային ճարտարապետության ոլորտում են մասնագիտացած։
«Մնայուն արժեք ստեղծելու համար ժամանակ է պետք։ Մենք շատ կարևորել ենք յուրաքանչյուրիդ կարծիքը և ներդրումն այս գործում, այդ պատճառով բոլոր լուծումները տրվել են ձեր առաջարկությունների հիման վրա։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս նախագծին, որովհետև այն արվում է մարդկանց համար, որոնց ձեռքերում է բոլորիս առողջությունը, մեր երկրի անվտանգությունը», – շեշտեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը։
Նախաձեռնությունն իրականացվում է` համագործակցելով միջազգային հեղինակություն ունեցող նիդերլանդական Defesche van den Putte (DVDP) ճարտարապետական ընկերության հետ, որը հայտնի է բազմաբնույթ նորարարական նախագծերով քաղաքաշինության, կրթական, մշակութային ոլորտներում: Նրանց նախագծերի շարքում են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաաստրիխտի համալսարանի և Հաագայի թագավորական գրադարանները:
Նիդերլանդական ճարտարապետական ընկերության գլխավոր ճարտարապետ Փիթեր Դեֆեշը շնորհակալություն հայտնեց ջերմ ողջույնի համար: Նա մանրամասն զեկույցի տեսքով ներկայացրեց՝ ինչպիսին է լինելու վերակառուցվող գրադարանը, դրա տեսլականը, պատկերացումները, գիտական միջավայրը։
«Այս նախագծի շուրջ այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուզում եմ նույնիսկ ավելին անել, քան պլանավորված էր։ 1 տարի առաջ մեզ ողջունեցին այս համալսարանում։ Այնպիսի ոգևորություն ապրեցինք հենց առաջին շրջայցից, որ խոսեցինք միանգամից պոտենցիալի մասին․ ծանոթությունից հետո մի քանի ամբիցիոզ նպատակ դրեցինք», – պատմեց Փիթեր Դեֆեշը։ Նրա խոսքով՝ սպասվող գրադարանի տարածքում լինելու է կամպուսային հատված, որն ինչ-որ առումով կկապվի քաղաքին։
«Մենք ստեղծելու ենք պրոֆեսիոնալ միջավայր, ստանալու ենք սոցիալական և ակադեմիական շենք՝ կիրառելով նաև ստեղծագործ մոտեցում՝ ժամանակակից կրթություն ապահովելու նպատակով», – նշեց մասնագետը։
Փիթեր Դեֆեշի փոխանցմամբ՝ նախատեսված սենյակները կհամապատասխանեն ուսանողների բոլոր պահանջներին:
«Միջանցքը ծառայելու է որպես սոցիալական հատված, որտեղ առանցքային կետը՝ ճարտապետությունը, վերածվում է գաղափարի։ Տանիքային հատվածում նախատեսվում է հանգստի բացօթյա գոտի, որտեղ կարելի է կազմակերպել նաև ավարտական խնջույքներ», – մասնավորեցրեց նա։
Ցուցադրվեց տեսանյութ, որին զուգահեռ ճարտարապետը ներկայացրեց գրադարանի տարածքում առանձնացվելիք հասարակական տարածքը, նախասրահը, սրճարանային հատվածը, համակարգչային սենյակը, փոքր աշխատասենյակը, հանգստի գոտին և գրադարանավարի սեղանը, միջազգային չափանիշներին համապատասխան ընթերցասրահը, լռության սենյակը, մեծ աշխատասենյակը, անհատների համար նախատեսված հատվածը, հանգստի բացօթյա գոտին տանիքում, ձմեռային այգին, որտեղ նախատեսվում է ջերմոցային փոքր հատված։
«Գրադարանը պետք է աշխատի որպես ջերմ սոցիալական և ակադեմիական միջավայր։ Մեծ տեխնիկական աշխատանք է տարվում, և սա հրաշալի համագործակցություն է», – ամփոփեց Փիթեր Դեֆեշը։
Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջայց կատարեցին, ծանոթացան գրադարանի ներկայիս տեսքին, այցելեցին ապագա գրադարանի նախատիպային սենյակ:
Գրադարանի վերակառուցումը նպատակ ունի այն վերափոխել ժամանակակից և ոգեշնչող ուսումնական ու հետազոտական միջավայրի՝ ներառելով բաց և փակ դահլիճների ստեղծում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և հարմարավետ հանգստի գոտիների ձևավորում՝ ուղղված ուսումնական գործընթացի բարելավմանը:
Նախագիծը միտված է արմատապես վերափոխել համալսարանական գրադարանի դերը՝ այն վերածելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջավայրի, որը միավորում է կրթությունը, հետազոտությունը, համագործակցությունն ու հանգիստը մեկ տարածքում։ Այն կդառնա գիտելիքի, նորարարության և ներշնչման նոր կենտրոն։
Երևանի պետական բժշկական համալսարանը հայտնի է կրթության բարձր չափանիշներով, ունի ավելի քան 8,000 ուսանող աշխարհի 32 երկրից։ Կարևորելով համալսարանի հետազոտական և ակադեմիական նյութերի տպավորիչ հավաքածուն՝ նախագիծը նպատակ ունի արդիականացնել գրադարանը, առավել արդյունավետ դարձնել առկա ռեսուրսների հասանելիությունը և մոտիվացնող ուսումնական միջավայր ստեղծել: ԵՊԲՀ գրադարանի վերափոխման նախաձեռնությունը եզակի է ոչ միայն կոնցեպտուալ մոտեցմամբ, այլև մեծածավալ բնույթով։