Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պատմության մեջ առաջին շրջանավարտը՝ UCLA-ի Լյարդի փոխպատվաստման բաժանմունքում

ԵՊԲՀ պատմության մեջ առաջին շրջանավարտը՝ UCLA-ի Լյարդի փոխպատվաստման բաժանմունքում

ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հայկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 19-ը լյարդի փոխպատվաստման հերթական վերապատրաստումն է անցել այս անգամ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում (UCLA)։

«UCLA-ը երազանքի համալսարան է, այնտեղ սովորելու և աշխատելու ձգտում ունեն ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր ուսանողներ և բժիշկներ։ Պատահական չէ, որ UCLA-ի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական դպրոցը մշտապես գտնվում է ԱՄՆ լավագույն բժշկական դպրոցների ցանկում: UCLA Health-ը 35 տարի շարունակ համարվում է Լոս Անջելեսի և Կալիֆորնիայի բարձր վարկանիշ ունեցող առաջին բժշկական դպրոցը: UCLA Health-ն ունի բարձրակարգ բժշկական հաստատություններ, որոնք հայտնի են իրենց առաջատար տեխնոլոգիաներով և բժշկական առաջադեմ բուժումներով։ Այնտեղ են իրականացվում բարդագույն վիրահատությունները», – ասում է համալսարանական մասնագետը:

UCLA Health-ը ճանաչված է դիակային լյարդի փոխպատվաստման ոլորտում։ Ունեն երկարամյա փոխպատվաստման փորձ և բարձրակարգ վիրաբուժական թիմ։ Ամեն տարի կատարում են մեծ թվով դիակային լյարդի փոխպատվաստումներ և ունեն բուժման բարձր արդյունքներ: Իսկ UCLA-ի վիրաբուժական թիմը համարվում է առաջատար և ունի միջազգային բարձր հեղինակություն։

UCLA-ն ակտիվորեն ներգրավված է փոխպատվաստման ոլորտի հետազոտություններում՝ նոր մեթոդներ մշակելու և բուժման արդյունքները բարելավելու նպատակով:

Երեք շաբաթվա ընթացքում բժիշկ Հարությունյանը հնարավորություն է ունեցել աշխատելու բացառիկ վիրաբուժական թիմի հետ, ներկա է գտնվել լյարդի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքների մի շարք լապարասկոպիկ և ռոբոտիկ վիրահատություններին: Բացի այդ, նա՝ որպես տրանսպլանտ վիրաբույժների թիմի անդամ, բացառիկ հնարավորություն է ստացել ուղղաթիռներով և անհատական ինքնաթիռներով նահանգից նահանգ, քաղաքից քաղաք մեկնելու և դիակային օրգաններ վերցնելու՝ վիրահատություններին մասնակցելու համար։

Նշենք, որ ԵՊԲՀ պատմության մեջ բժիշկ Հայկ Հարությունյանն առաջին շրջանավարտն է, ով հնարավորություն է ստացել վերապատրաստում անցնելու UCLA-ի Լյարդի փոխպատվաստման բաժանմունքում և, ինչն ավելի աննախադեպ է, մասնակցել է մեծահասակների դիակային փոխպատվաստումներին, ինչպես նաև մանկահասակ երեխայի մուլտիվիսցերալ օրգանների փոխպատվաստմանը։

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում UCLA-ի Լյարդի փոխպատվաստման կենտրոնի ղեկավար, մեր հայրենակից, բացառիկ վիրաբույժ և գիտնական, պրոֆեսոր Վաչե Ագոպյանին և ուրախությամբ հայտնում, որ մեր հետագա համագործակցությունն ու ընկերությունը հնարավորություն կստեղծի՝ Հայաստանում դիակային օրգանների փոխպատվաստման ներդրման համար», – եզրափակում է դոցենտը։