Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» պանելային քննարկումը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» պանելային քննարկումը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» խորագրով պանելային քննարկումը, որի նպատակն էր խրախուսել իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում:

Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցում էին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նաիրա Չիչոյանը, ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտաշխատող Արտեմ Գրիգորյանը, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դասախոս, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտաշխատող Կատարինե Ֆերեշետյանը, ԵՊԲՀ շրջանավարտ, Բեռնի համալսարանի հետազոտող Լիանա Հայրապետյանը: Միջոցառման հատուկ հյուրն էր Վարշավայի մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, պրոֆեսոր Յասեկ Յավորսկին: Քննարկումն անցկացնում էր ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանող, «Հետազոտական հմտություններ» կրթական խմբի դասընթացավարի օգնական Ռուբեն Մինասյանը:

Բանախոսները հանդես եկան խորհուրդներով և գործնական առաջարկներով գիտության մեջ կանանց հանդիպող դժվարությունները հաղթահարելու ուղիների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրին կանանց և տղամարդկանց ընդգրկվածության վերաբերյալ վիճակագրությունը Հայաստանում և արտերկրում: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես կարող է հետաքրքրասիրությունը դառնալ գիտության հանդեպ սիրո շարժիչ ուժ։ Առավել ազդեցիկ էր բանախոսներից յուրաքանչյուրի խոսքը սեփական ուսուցիչների ու մենթորների վերաբերյալ, որտեղ ընդգծվում էր վերջիններիս ազդեցությունն ու դերակատարումը իրենց ապագա կարիերայի ձևավորման գործում։

Արտեմ Գրիգորյանը, բարձր գնահատելով ուսուցիչների ներդրումը որպես մասնագետ իր կայացման ճանապարհին, շեշտեց, որ ժամանակակից աշխարհում ևս կարևոր է խրախուսել ուսանողներին՝ չվախենալ խոչընդոտներից և դրանք դարձնել հաղթահարելի։

Քննարկվեցին կանանց առջև ծառացող մարտահրավերները՝ կապված մի շարք հայտնի կարծրատիպերի հետ։ Պրոֆեսոր Յասեկ Յավորսկին նշեց, որ խնդիրը թվացյալ պարզ, բայց իրականում խորքային է: Նա նշեց, որ թեև իր երկրում՝ Լեհաստանում, աշխատավայրի ցածր և միջին օղակներում կին-տղամարդ ընդգրկվածության թվաքանակը սկսել է հավասարվել, միևնույնն է առաջատար գիտական և ղեկավար պաշտոններում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները:

Կիսելով գործընկերոջ կարծիքը՝ պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը հավելեց, որ նշված հանգամանքը պայմանավորված է ոչ այնքան արտաքին գործոններով և խտրականությամբ, այլ այն պարզ ճշմարտությամբ, որ տղամարդիկ և կանայք տարբեր են իրենց էությամբ, ֆիզիկական ու կենսաբանական բնույթով, ուղեղի նեյրոքիմիայով, ինչն էլ հավանաբար նրանց դարձնում է յուրօրինակ ու գրավիչ միմյանց համար:

Արտեմ Գրիգորյանը առանձնացրեց ևս մեկ կարևոր գործոն՝ սեռերի հավասարության համար առաջնահերթ պայման է հավասար իրավունքների ապահովումը:

Անդրադառնալով գիտության ոլորտում կանանց հանդիպող խնդիրներին՝ Կատարինե Ֆերեշետյանն ընդգծեց թիմերի և ղեկավարների աջակցության կարևորությունը։ Նա հավելեց, որ քաջ գիտակցելով ոլորտում առկա խնդիրները՝ կարող է արձանագրել, որ անձամբ իր համար սեռով պայմանավորված խոչընդոտներ չեն եղել։

ԵՊԲՀ շրջանավարտ Լիանա Հայրապետյանը կիսվեց խնդրի հաղթահարման իր տեսլականով՝ նշելով, որ ցանկացած գործոնով, այդ թվում՝ սեռով, պայմանավորված խտրականության դրսևորումների դեմ կարելի է պայքարել՝ շարունակաբար ուսումնասիրելով, բացահայտելով և ընդունելով շրջապատող աշխարհը:

Քննարկման ավարտին պրոֆեսոր Նաիրա Չիչոյանը խորհուրդ տվեց կին գիտնականներին երբեք չհանձնվել ու չհրաժարվել սեփական երազանքներից, փոխարենը՝ միշտ շարժվել առաջ՝ փնտրելով այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում են յուրաքանչյուրի ջանքերը և արվում է առավելագույնը հաջողության հասնելու համար:

Բանախոսներն ընդգծեցին աշխատավայրում կանանց աջակցող քաղաքականությունների կարևորությունը, որոնք կնպաստեն աշխատանք – անձնական կյանք հավասարակշռության պահպանմանը և կստեղծեն հավասար հնարավորություններ բոլորի համար:

Միջոցառումը դարձավ համակողմանի զրույցների հարթակ՝ ոգեշնչելով մասնակիցներին բացահայտելու իրենց ամբողջական ներուժը։