Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ քոլեջի ուսանողի բազմաթիվ հաջողությունները՝ ասմունքի մրցույթ-փառատոններին. տեսանյութ

ԵՊԲՀ քոլեջի ուսանողի բազմաթիվ հաջողությունները՝ ասմունքի մրցույթ-փառատոններին. տեսանյութ

Բժշկական համալսարանը շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում պահել այն ուսանողներին, որոնք, կրթության հետ զուգահեռ, ակտիվորեն մասնակցում են մշակութային կյանքին, գրանցում բազմաթիվ հաջողություններ:

ԵՊԲՀ քոլեջի «Բուժական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Աշոտ Ղազարյանը նրանցից մեկն է, ով ինչպես Հայաստանում, այնպես էլ հայրենիքից դուրս՝ միջազգային հարթակներում, մասնակցել է ասմունքի մրցույթ-փառատոնների՝ բազմիցս զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
«Մի շարք մրցումների դափնեկիր եմ, հիմնականում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը: Վերջին մրցույթն ինձ համար ամենապարտավորեցնող էր, քանի որ  շատ էի ուզում ոչ միայն անհատական մրցանակ ստանալ, այլև այնպիսին, որը նվիրեմ բժշկական համալսարանի քոլեջին:  Ինձ համար ամենալավ պահերից էր,  ավելի ուրախ էի, որ հայտարարվեց քոլեջի, քան իմ անունը»,-նշում է նա:

Հերացիականը դպրոցից է սկսել սիրել ասմունքը, իրեն դուր եկած բանաստեղծությունները  գրում է թղթի վրա  և ընթացքում անգիր անում:

«Սովորաբար ընտրում եմ ռազմահայրենասիրական թեմաներով ստեղծագործությունները, ասմունքում եմ ժամանակակից գրողների գործերը, ինչպես նաև իմ անձնական  մարզչի՝ Հռիփսիմե Ավետիսյանի բանաստեղծություններից»,-նշում է նա:

Աշոտն ապագա ռազմական բժիշկ է, քոլեջն ավարտելուց  հետո  շարունակելու  է ռազմական բժշկություն սովորել. «Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ իմ ընտանիքում ևս բժիշկներ կան, բացի դա՝ ես շատ եմ սիրում բժշկությունն ու մեր հայրենիքը, ուստի որոշել եմ ընտրել հենց ռազմական բժշկությունը»:

ԵՊԲՀ քոլեջի ուսանողը Covid 19-ի առաջին բռնկումների ժամանակ կամավոր հերթապահություններ է իրականացրել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում. «Շատ ուրախ եմ, որ առաջին կուրսից հնարավորություն տրվեց ինձ մասնակցել հիվանդանոցային աշխատանքներին, դա նաև մասնագիտական մեծ փորձ էր»:

Աշոտը սիրում է նաև ժամանակ տրամադրել բռնցքամարտին: Նրա կարծիքով՝ եթե որևէ բան սիրում ես, ապա կարող ես զբաղվել դրանով, հասցնել անել ամեն ինչ, կարևորը ցանկությունն է: