«Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, պրոֆեսոր Ալան Կալուեֆն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին ու գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մեր երկրում գիտության զարգացմանն ուղղված հարցերին:
Ինչպես նշեց ռեկտոր Արմեն Մուրադյանը, բժշկական համալսարանում գիտությունն առաջնահերթ ուղղություն է: «Մենք չենք խնայում ուժ, եռանդ և ֆինանսական միջոցներ գիտությունն ավելի բարձր նշաձողի վրա բարձրացնելու համար, քանի որ այն մեզ համար շարժիչ ուժ է, որն օգնում է նաև ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,-ընդգծեց բուհի ղեկավարը: Նա կարևորեց գիտնականների ներկայացվածությունը բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական հեղինակավոր ամսագրերում, առանց որի մեր օրերում հնարավոր չէ լսելի լինել աշխարհում:
Պրոֆեսոր Ալան Կալուեֆը հավելեց, որ գիտնականները պետք է անընդհատ զարգանալու հնարավորություն ունենան:
Լինելով «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ՝ նա ընդգծեց, որ հետաքրքրված է կենտրոնի զարգացմանն ուղղված ռազմավարության մշակմամբ: «Քննարկում ենք համատեղ գործակցության ծրագրերը»,-ասաց Ալան Կալուեֆը՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ ղեկավարության աջակցությունն ուղղված «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնին և գիտության զարգացմանն ակնհայտ է, առանց որ նախանշված ծրագրերը չէին կարող իրականություն դառնալ:
«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը շրջայց կատարեց ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և հետազոտողների համար ստեղծված հնարավորություններին:
Բժշկական համալսարան այցելած պրոֆեսորը նշեց, որ տպավորված է նորարարական լուծումներով աչքի ընկնող նորաստեղծ կենտրոնով: Առաջիկայում պրոֆեսորի այցերը բուհ և համագործակցությունը կլինեն շարունակական:
Նշենք, որ Ալան Կալուեֆը ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրենն է, նյարդաբանության և դեղաբանության լաբորատորիայի ղեկավար, Գուանդունի Օվկիանոսի համալսարանի (Չինաստան) ամբիոնի վաստակավոր պրոֆեսոր, Ուրալի դաշնային համալսարանի (Ռուսաստան) առաջատար
գիտնական: