«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի առաջարկով անվանի բժիշկ-ուրոլոգ, պրոֆեսոր և մանկական ուրոլոգիայի մասնագետ Փոլ Մերգերյանը (Paul Merguerian) կհամալրվի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների ներկայացուցչական շարքը:
Այս մասին ռեկտորատի սեպտեմբերի 28-ին հրավիրված նիստում հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մեր հայրենակցին շնորհվում է Մանկական վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսորի կարգավիճակ:
Փոլ Մերգերյանը հայրենիքում է` Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Պերճ Աբգարյանի պատվիրակության կազմում:
Սիեթլի մանկական հիվանդանոցի (Seattle Children’s Hospital) մանկական ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավարը նախորդ շաբաթ բժշկական համալսարանում անցկացված «Կատարելության ձգտումով» 4-րդ միջազգային բժշկական համաժողովին ներկայացրել է «Տեխնոլոգիական ինտեգրացիան և թվային գործիքները» թեման:
Փորձառու մասնագետն արդեն 20 տարի համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիրի՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հետ:
Պրոֆեսոր, Մանկական վիրաբուժության ամբիոնի նախկին երկար տարիների ղեկավար Արա Բաբլոյանը, դիմելով ռեկտորատի անդամներին, փաստեց, որ տարվա ընթացքում ԱՄՆ-ում բնակվող կոլեգան պարբերաբար այցեր է կատարում համալիր` հայ գործընկերների հետ կատարում վիրահատություններ:
Ստանձնելով բժշկական բուհի այցելու պրոֆեսորի պատվաբեր կարգավիճակը, պրոֆեսոր Մերգերյանը պատրաստակամություն հայտնեց խորացնել գործակցությունը նաև կրթական ուղղությամբ, հանդես գալ որպես հերացիական:
Արա Բաբլոյանի փոխանցմամբ` մանկական վիրաբուժության մեջ կան արատներ և հիվանդություններ, որոնք ամենօրյա պրակտիկայում են հանդիպում և կան հազվադեպ հանդիպողներ:
Հենց Փոլ Մերգերյանի աջակցության, արդյունավետ համագործակցության շնորհիվ է, որ բազմաթիվ երեխաներ բուժվում են, ապաքինվում և երկրից մեկնելու կարիք չունեն:
Նորանշանակ այցելու պրոֆեսորը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է ավելի քան 16 տարի ոչ միայն գալ Հայաստան և վիրահատել, այլև սովորեցնել:
Նա նկատեց, որ ականատաես է այն դրական փոփոխություններին, որոնց ենթարկվել է մանկական վիրաբուժությունը մեր երկրում: Փոլ Մերգերյանի առաջնային նպատակն է, բուժական գործընթացներին զուգահեռ կրթել ապագա բժիշկներին:
Նշենք, որ ռեկտորի որոշմամբ Պերճ Աբգարյանը, ով մեծ ներդրում ունի բժշկագիտության բնագավառում ԱՄՆ-ի և Հայաստանի արդյունավետ գործակցության ընդլայնման գործում, կստանձնի հուլիսին Երևանում կայանալիք «Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027»-ի դեսպանի պարտականությունները` ի նպաստ տարիներ շարունակ իրականացվող առաքելության: Կայանալքի մաստշաբային այս միջոցառումը նվիրված է լինելու բժշկական կրթօջախի 100-ամյա հոբելյանին:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց նաև, որ 2027 թվականի մայիսին բժշկական բուհի Նոմինացիոն կոմիտե կներկայացվի` առողջապահության հմուտ կազմակերպիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանին բժշկական բուհի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու, ինչպես նաև նրա անունով մանկական վիրաբուժության բնագավառում հատուկ կրթաթոշակ սահմանելու մասին առաջարկը:
2026-2027 ուս. տարում անվանական կրթաթոշակի հավակնող ուսանողները ներկայացվեցին ռեկտորատի նիստում:
Ֆակուլտետների դեկանները հաջորդաբար ռեկտորատի անդամների երաշխավորությանը ներկայացրին կրթաթոշակի հավակնող ապագա բժիշկներին` հաջորդիվ Գիտական խորհրդի նիստում հաստատման համար:
Բարձր առաջադիմություն, կարգապահություն. այն հստակ չափանիշներն են, որոնք առաջադրվել են հավակնորդների առաջ մրցութային ընթացակարգում:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Մխիթար Հերացու անվան երեք անվանական կրթաթոշակի հավակնորդ են Ռոբերտ Մկրտչյանը, Սվետլանա Սիմոնյանը, Արփի Մկրտչյանը: Վահան Արծրունու` Դիանա Անանյանը, Լևոն Հովհաննիսյանի` Սևադա Ներսիսյանը, Գրիգոր Արեշյանի`Ռազմիկ Սիմոնյանը, Բարդուղիմեոս Ֆանարջյանի` Միլենա Զադոյանը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետից բավականին թեժ մրցույթի արդյունքում (մեկ տեղի համար երկու ուսանող) Սեդա Աբրահամյանը` Մխիթար Հերացու անվան, Աստղիկ Մանվելյանը` Ռ. Յոլյանի անվան, Հայկ Բաբայանը` Կառլեն Եսայանի անվան կրթաթոշակի հավակնորդ է:
Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակի է հավակնում ՌԲՖ 4-րդ կուրսի կուրսանտ Սերգեյ Էվոյանը:
ԵՊԲՀ ռեկտորն անուն առ անուն ծանոթացավ կրթաթոշակի հավակնորդների հետ, հետաքրքրվեց նրանց ապագա մասնագիտացման ուղղություններով:
Շնորհավորելով կրթական կարևոր այս հաջողության մասին, նա նորանոր հաջողություններ մաղթեց ուսանողներին նաև միջազգային ասպարեզում:
Խոսելով լավ սովորելու, առաջադիմության մասին բուհի ղեկավարը նկատեց, որ բժշկի մասնագիտությունը հաճախ ոչ թե կոչումների, այլև համոստերոն անցած հանրօգուտ ճանապարհի մասին է:
Անվանական կրթաթոշակառուները ևս շնորհակալություն հայտնեցին համալսարանին, դեկաններին, առաջադիմությունը օբյեկտիվորեն գնահատելու ընձեռված հնարավորության համար:
Գիտական խորհրդի սեպտեմբերի 30-ին կայանալիք նիստի օրակարգի նախագիծը ներկայացրեց բժշկական բուհի գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը:
Կրթական, կլինիկական ուղղություններով պատասխանատուները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: