Անցկացվեց «Կատարելության ձգտումով» 4-րդ միջազգային բժշկական համաժողովը

Անցկացվեց «Կատարելության ձգտումով» 4-րդ միջազգային բժշկական համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց «Կատարելության ձգտումով» 4-րդ միջազգային բժշկական համաժողովը:

Սեպտեմբերի 22-25-ն անցկացված միջոցառումը միավորել էր Հայաստանի և արտերկրի բժիշկներին, գիտնականներին, դասախոսներին և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ մասնագիտական փորձի, ժամանակակից մոտեցումների և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով։

Ներկաներին ԵՊԲՀ ռեկտորի և բժշկական համալսարանի անունից ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: Նրա խոսքով` սա արդեն 4-րդ նման ձևաչափի համաժողովն է, ինչը վկայում է համագործակցության շարունակականության մասին:

«Ինչպես բժշկական համալսարանում, այնպես էլ բժշկական համալսարանի աջակցությամբ տարբեր բուժհաստատություններում, կանցկացվեն կլինիկական, գիտական, կրթական միկրո-կոնֆերանսներ: Ուշադրության կենտրոնում են մանկաբուժությունը, տրանսլյացիոն բժշկությունը, բիոմարկերների բացահայտումը, բուժքույրական գործը», – նշեց պրոռեկտորը` հավելելով, որ համագործակցությունն իրականացվում է հայկական սփյուռքի միջոցով, որն ամրացնում է Հայաստան-ԱՄՆ կապը:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Պերճ Աբգարյանը նկատեց, որ մասնագետները միասնաբար հավաքվել են բժշկական բուհում` բարձր պահելով համագործակցության ոգին:

«Ողջունում եմ բոլոր այն բժիշկներին և գիտնականներին, ովքեր Միացյալ Նահանգներից ժամանել են Հայաստան՝ իրենց դրական ներդրումն ու մասնակցությունը բերելու, նոր տեղեկատվություն փոխանցելու, մասնագիտական ​​կապեր ու բարեկամական հարաբերություններ հաստատելու և իրենց գիտելիքով կիսվելու նպատակով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորենք տեղեկացված բժիշկների ավելի լավ սերունդ», – ընդգծեց Պերճ Աբգարյանը` առաջարկելով կոնֆերանսը նվիրել Անկախության 35-ամյակին: 

Համաժողովի մասնագիտական հատվածը մեկնարկեց կրթության վերաբերյալ զեկույցների քննարկմամբ:

 Առաջին օրվա ընթացքում արծարծված թեմաների շարքում էին «Տեխնոլոգիական ինտեգրացիան և թվային գործիքները», «Վիրտուալ OSCE», բժշկական հաստատության հավատարմագրման չափանիշները, «Մոլեկուլային բիոմարկերները հիվանդությունների ախտորոշման և կանխատեսման մեջ», «Տրանսլյացիոն բժշկությունը», «Աուտիզմի սպեկտրի խանգարումը. կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքների կիրառումը մարդկանց պարագայում», «SARS-CoV-2 վարակը և տարեց բնակչությունը»:

Կոնֆերանսի երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ը, անցկացվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Մանկաբուժության դպրոցի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը հանդես եկավ «Էնդեմիկ վիսցերալ լեյշմանիոզ. մանկաբուժական ասպեկտներ և տարածաշրջանային դինամիկան Հայաստանում» թեմայով զեկույցով:

Հանդիպմանը մասնակցում էին հիմնականում կլինիկական օրդինատորներ, որոնք հետաքրքիր դասախոսություններ լսեցին նորածնային խնամքի, վարակաբանության և պատվաստումների, սրտաբանության, վիրաբուժության, անհետաձգելի բժշկության, նյարդաբանության մասին:

Հայ մասնագետների մյուս երկու զեկույցները վերաբերում էին մանկական օնկոլոգիայի և մանկական էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը Հայաստանում, որոնք ներկայացրին համալսարանականները` Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Ռուզաննա Պապյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի Թորակալ վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական բուհի Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Դավիթ Դալլաքյանը:

Հագեցած ծրագրի շրջանակում ամերիկացի բժիշկները շրջեցին նաև հիվանդանոցի բաժանմունքներում, հայ գործընկերների հետ քննարկեցին կլինիկական դեպքեր:

Համաժողովի վերջին երկու օրերը` սեպտեմբերի 24-25-ը, անցան «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:

«Բուժքույրական գործ և ընդլայնված կլինիկական պրակտիկա» խորագրով միջոցառմանը մասնակցում էր շուրջ 300 բուժքույր՝ հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ժամանակակից բուժքույրական գործի զարգացման, բուժքույրերի շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստման, կլինիկական հմտությունների ու սիմուլյացիոն ուսուցման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։

Առանձին զեկույցներ նվիրվեցին բուժքույրերի մասնագիտական կարողությունների գնահատմանը, միջազգային չափորոշիչներին և հավատարմագրմանը, մասնագիտական զարգացմանն ու առաջնորդությանը, պալիատիվ խնամքին և բուժքույրերի միջազգային շարժունակությանը։

Ներկայացվեցին ընդլայնված կլինիկական պրակտիկայի զարգացման, բուժօգնության հասանելիության, մասնագիտական չափորոշիչների և իրավասությունների գնահատման վերաբերյալ զեկույցներ։

ՀՀ Բուժքույրերի միավորման նախագահ, «Միքայելյան» հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանն իր ելույթում կարևորեց բուժքույրական անձնակազմի շարունակական կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումը՝ անդրադառնալով ոլորտի զարգացման և քույրական գործի մասնագետների աշխատանքի բարելավման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը։