Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ շրջանավարտը խորհուրդ է տալիս լինել ցողունային բջիջների նման՝ տարբերվել մյուսներից

ԵՊԲՀ շրջանավարտը խորհուրդ է տալիս լինել ցողունային բջիջների նման՝ տարբերվել մյուսներից

Կրթությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում համարժեք է աշխարհի մյուս առաջատար բժշկական հաստատություններին: Այս մասին վստահեցնում է բուհի շրջանավարտ Գուրպրիտ Կաուրը։

«Այժմ արդեն հպարտությամբ կարող եմ ասել, որ ես բժիշկ Գուրպրիտ Կաուրն եմ, շնորհակալ եմ ԵՊԲՀ-ին ինձ շնորհված այս կոչման համար», – երախտագիտությունն է հայտնում հնդկուհին:

Բժիշկ դառնալը նրա մանկության երազանքն էր, իսկ ընտանիքը մեծապես նպաստեց այդ երազանքի իրականացմանը:

«Ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում պարզեցի, իսկ հետագայում՝ համոզվեցի, որ ԵՊԲՀ-ում տիրում է յուրահատուկ մթնոլորտ, որն ապահովում է հավասարակշռություն ուսման և հանգստի միջև, ինչը կարևոր է առողջ մտքի համար», – պատմում է Գուրպրիտ Կաուրը:

Հետևողականությունը, նրա համոզմամբ, կյանքի ցանկացած ոլորտում կայուն առաջընթացի բանալին է:

Կրտսեր գործընկերներին շրջանավարտը խորհուրդ է տալիս չխառնել ամեն ինչ և փորձել կառուցել սեփական հայեցակարգը: «Բժշկությունը շատ ընդարձակ և խիստ ոլորտ է: Միշտ թվում է, որ ձեր ուսումնական պլանը չափազանց հագեցած է, պարզապես հավատացե՛ք ինքներդ ձեզ և եղե՛ք մոտիվացված: Եղե՛ք ցողունային բջիջների նման, տարբերվե՛ք մյուսներից», – շեշտում է Գուրպրիտ Կաուրը:

Բժիշկ դառնալը մանկության երազանք էր նաև Վանդանա Անիլի համար: Հնդիկ շրջանավարտը խոստովանում է՝ թեև նպատակը հստակ էր, բայց դրան տանող ճանապարհն անորոշ էր: «Ծնողներս ու ավագ ընկերներս ուղղորդեցին ինձ դիմել ԵՊԲՀ: Այն իսկապես բժշկի կայացման համար լավագույն հարթակներից մեկն է աշխարհում: Բուհը տալիս է երազանքներ իրագործելու լավագույն հնարավորությունները», – ընդգծում է Վանդանան՝ հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր դասախոսներին, որոնք ոգեշնչում և առաջնորդում էին իրեն 6 տարվա «ճանապարհորդության» ընթացքում: «Կարոտով կհիշեմ այս գեղեցիկ և իրադարձություններով լի ճանապարհորդությունը», – անկեղծանում է Վանդանան:

Ապագա բժիշկներին նա խորհուրդ է տալիս ժամանակը խելամտորեն օգտագործել։