Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

ԵՊԲՀ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Այսօր, քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ԵՊԲՀ-ում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումն էր: Ուսումնավարժության թեման էր «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում»:

Ուսումնավարժանքին ներկա էր բժշկական մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյան, ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլք:

Մտահղացման համաձայն` հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Ուսումնավարժանքի ընթացքում գործարկվեց Երևանի բժշկական համալսարանի շչակը, ցուցադրվեցին տարբեր իրավիճակների ժամանակ իրականացվող միջոցառումները:

Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այս գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար պարգևատրվեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը և Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանը: