Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց բուհի 1975 թվականի շրջանավարտներ, Կանադայի ՄաքԳիլի համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Ռիտա Սուլահյան-Կույումջյանին և նույն համալսարանի ընտանեկան բժշկության և ծերունաբանության ամբիոնների պրոֆեսոր Ժիրայր Կույումջյանին։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց միջբուհական համագործակցության խորացման պատրաստակամությունը։
Հյուրերը ներկայացրին ՄաքԳիլի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ժակ Բրեդվեյնի կողմից առաջարկվող կրթական համակարգի բարելավման նորարարական ծրագիրը, որը հաջողությամբ իրագործվել է Շանհայի համալսարանում։
«Եթե այս ծրագիրն իրականանա Հայաստանում, բժշկական բուհը կդառնա առողջապահական կենտրոն ամբողջ տարածաշրջանի համար», – նշեց Ժիրայր Կույումջյանը։
Ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց․ «Մենք նույնպես մեծ ցանկություն ունենք դառնալու թելադրող գիտակրթական հաստատություն: Չնայած դժվար իրավիճակին` մենք շարունակում ենք արտահանել բժշկական կրթություն։ Միայն ԵՊԲՀ-ում ուսանում է այնքան օտարերկրացի, որքան Հայաստանի բոլոր բուհերում՝ միասին վերցրած»։
Բժշկական բուհի ղեկավարի խոսքով՝ տարբեր երկրներից մայրաքաղաք ժամանած ուսանողները բժշկական համալսարանում հնարավորություն ունեն ստանալու որակյալ կրթություն:
Նշենք, որ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը հանրությանը հայտնի է «Խելագարության ակունքներում. Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքով:
Հեղինակը ժամանակակից հոգեբուժական-հոգեվերլուծական մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ այն նվիրել է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, հայագետ Կոմիտաս Վարդապետի կյանքի անհայտ էջերին ու հոգեբանական ապրումներին:
ԵՊԲՀ շրջանավարտը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը, ապրումները, դրանց ակունքները և մասնագիտական եզրակացություններ ու հիմնավորումներ տալ: