Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որն այսօր բացեց դռներն այցելուների առաջ եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկներն, այլև այս օրերին համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովի մասնակիցները:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը բուհի կողմից այս տարի կյանքի կոչված երրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծումն էր, երկրորդը՝ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի ձեռքբերումը և երրորդը Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի բացումը:

Նա շնորհակալություն հայտնեց Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի շրջանակում հիմնված կենտրոնի բոլոր աջակիցներին և կազմակերպություններին:

Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ստոմատոլոգիայի բնագավառում:

Կենտրոնը կնպաստի ստոմատոլոգիական բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող է:

Ռեկտորն ընդգծեց, որ այս ուսումնական նշանակության կենտրոնն իր աշխատանքներն կիրականացնի ԵՊԲՀ-ի միջազգայնացման քաղաքականությանը համահունչ: Օրական կենտրոնը հնարավորթյուն ունի սպասարկելու շուրջ 200 սովորողի: Առաջիկայում ևս նյութատեխնիկական պայմանենրի թարմացումն ու ընդլայնումը բժշկական համալսարանի մշտական օրակարգում է լինելու:

Կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանի խոսքով՝ կրթական կարևոր այս ծրագրի ներդրումն ունի նաև հոգեբանական բաղադրիչ: Այն թույլ կտա ապագա մասնագետներին զարգացնել գործնական հմտությունները նախակլինիկական փուլում, նախքան կլինիկաներում աշխատելը: Նրա գնահատմամբ՝ այսպիսի նորարարական հմտությունների ներմուծումը ստոմատոլոգիական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:

Նշենք, որ իրականացված ծրագրի արդյունքում հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, բուհի կողմից իրականացվել են կրող պատերի ամրացման, տանիքի կառուցման և անհրաժեշտ հեռահաղորդակցության միջոցների անցկացման աշխատանքները: Ձեռք են բերվել օդափոխման և անվտանգության համակարգեր: Իրականացվել են նաև կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները. ստեղծվել է հավելյալ մուտքի հնարավորություն, հարող տարածքը կառուցապատվել է մետաղական սյուներով և ժամանակակից տեսք ստացել: Ծրագրի արդյունքում կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, սիմուլյատորներով և շուրջ մեկուկես տարվա ծախսանյութերի պաշարով: Ստեղծված կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծումը:

Դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն իրականացրել է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան «Ստոմատոլոգիա» մասնագիտության նորացված կրթական ծրագրի և ուսումնական պլանի մշակում, որի առարկայական նկարագրերը համապատասխանեցվել են նաև ՀՀ Որակավորման ազգային շրջանակին (ՈԱՇ): Իրականացվել է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում և տպագրում: Տպագրված 5 ձեռնարկները, ի տարբերություն բուհում մինչ այս առկա հատվածային գրականության, լիարժեք ներառում և մեկտեղում են անհրաժեշտ մասնագիտական նյութը՝ միասնական մեթոդաբանության և պահանջների շրջանակում՝ հանդիսանալով կոլեկտիվ աշխատանքի արդյունք:

Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով կենտրոնում նախատեսվում է իրականացնել պայմանագրային հիմունքներով ապագա և գործող բժիշկների վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպել մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ: Բացի այդ, ինչը պակաս կարևոր չէ, կենտրոնը թույլ կտա նաև հետագայում իրականացնել ստոմատոլոգիական ծառայություններ, ինչին էապես կարող է նպաստել նաև ծրագրային հավատարմագրման գործընթացը:

Նշենք, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի բացման արարողության ընթացքում, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովին ԱՄՆ-ից ժամանած մասնակիցներ Նիռաջ Խաննան, Վահիկ Պոլ Մեզերխանին և Ռուսաստանից Սամվել Ապրեսյանն արժանացան համալսարանի այցելու պրոֆեսորի կոչման: Իսկ Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլին հանձնվեց ԵՊԲՀ ոսկե մեդալ, նույն ֆեդերացիայի ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռն էլ արժանացավ բուհի պատվավոր դոկտորի կոչման:

Այցելու պրոֆեսորի կոչում հանձնվեց նաև Կալիֆորնիայի բժիշկների հայ-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Վիգեն Սեպիլյանին: