Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում ծնված սերը բժշկության և միմյանց հանդեպ` Արտյոմին և Մերիին տանում է մասնագիտական հաջողությունների ճանապարհով

ԵՊԲՀ-ում ծնված սերը բժշկության և միմյանց հանդեպ` Արտյոմին և Մերիին տանում է մասնագիտական հաջողությունների ճանապարհով

Մերի Խաչատրյանը և Արտյոմ Աղաբաբյանը բժշկական բուհում սովորել են գերազանց առաջադիմությամբ, անվանական կրթաթոշակառու են եղել:

Միասին 5,5 տարի սովորած երիտասարդները սիրահարվել են, ընկերություն արել, իսկ Արտյոմի 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո՝ ամուսնացել:

Ավարտելով կլինիկական օրդինատուրան՝ Մերին արդեն մի քանի ամիս է  աշխատում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում՝ որպես ալերգոլոգ-իմունոլոգ, իսկ Արտյոմ Աղաբաբյանը սրտաբանության գծով  երկրորդ կուրսի կլինիկական օրդինատուր է: Հետբուհական կրթություն է ստանում «Հերացի» համալասարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում:

Երիտասարդները շարունակ ձգտում են կատարելագործել գիտելիքը:

ԵՊԲՀ-ի և Մագդեբուրգի համալսարանի համագործակցության արդյունքում նրանք մեկնել են Գերմանիա և անցել մեկամսյա վերապատրաստման դասընթաց:

 Արտյոմը վերապատրաստվել է Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի կարդիոլոգիայի և անգիոլոգիայի կլինիկայում, իսկ Մերին՝ նույն հիվանդանոցի ալերգոլոգիայի և մաշկաբանության կլինիկայում:

«Գերմանացի բժիշկներ էին եկել Հայաստան՝ ԵՊԲՀ-ի հետ համագործակցության շրջանակում և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մեկնեմ վերապատրաստման: Երբ արդեն ինձ հրավերը եկավ, դիմեցինք նաև Մերիի համար՝ նշելով, որ ամուսիններ ենք, երկուսս էլ՝ երիտասարդ բժիշկներ և ցանկանում ենք անցնել վերապատրաստում, մեզ չմերժեցին, գնացինք և այցը շատ արդյունավետ էր: Հիմնականում ինվազիվ վիրահատական միջամտություններ եմ շատ տեսել, սովորել, մասնակցել քննարկումների՝ TAVI, TAVI in TAVI, եռափեղկ փականի տրանսկաթետերային փոխարինում, coronar sinus reduction therapy, միտրալ կլիպի իմպլանտացիա, ինչպես նաև՝ տրանսէզոֆագիալ 3D էխոսրտագրություն: Սա, իսկապես,  լավ հնարավորություն էր գիտելիքը ընդլայնելու, հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, մոտեցումներին ծանոթանալու»,- ասում է Արտյոմը և ավելացնում, որ գերմանացի բժիշկների հետ ձևավորել է ջերմ հարաբերություններ։

Մերին ևս վերադարձել է տպավորված: Երիտասարդ ալերգոլոգը նշում է, որ հայ բժիշկները իրենց մասնագիտական հմտություններով չեն զիջում գերմանացի մասնագետներին, երկու դեպքում էլ առաջնորդվում են ուղեցույցներով, բայց այնտեղ շատ զարգացած են ախտորոշման մեթոդները։

«Այնտեղ հատկապես գնահատում էին, որ լավ ենք տիրապետում իրենց լեզվին՝ գերմաներենին, ամբողջովին ներգրավված էի կլինիկական աշխատանքներին՝ սկսած առավոտյան 7:30-ին սկսվող ժողովներից մինչև կոնսուլտացիաներ, ամբուլատոր պացիենտների հետ շփումներ, կոնսիլիումներ և այլն: Ինչն էր հետաքրքիր, որ մի շարք դեղեր նշանակելիս պացիենտը ստորագրում էր, որ համաձայն է ընդունել այդ դեղը կամ համաձայն չէ: Քանի որ այնտեղ առողջապահության ապահովագրությունը  զարգացած է, և այն սուբսիդավորում է ամեն ինչ, պացիենտները չէին մտածում գումարի, ծախսերի մասին, ուստի՝ մի շարք թերապիաներ, որ զուտ ֆինանսականից ելնելով այստեղ դժվար է իրականացնել, այնտեղ բավականին տարածված են, օրինակ՝ կենսաբանական թերապիաները»,- ասում է երիտասարդ բժշկուհին:

Մերին և Արտյոմը նշում են, որ մասնագիտական կայացման, աճի ճանապարհը հեշտ է անցնել իրար հետ, երկուսն էլ բժշկության ոլորտից են, երբեմն վիճում են, քննարկում, բայց միշտ՝ թև ու թիկունք են միմյանց:

«Սերը բժշկության և միմյանց հանդեպ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, աճել, զարգանալ, այն ամենակարևոր խթանիչ ուժն է»,- ասում է Մերին:

Երիտասարդ բժիշկներն այսքանով չեն բավարարվում, մեկ վերապատրաստումից նոր վերադարձած արդեն իսկ տարբեր երկրներում նոր ծրագրերի են դիմում` ունենալով որպես բժիշկ ծառայել սեփական երկրին ու բնակչությանը: