Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ուսանողների շրջանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ տարրական գիտելիքի և ՄԻԱՎ վարակվածների շրջանում խարանի/խտրականության գնահատում

ԵՊԲՀ ուսանողների շրջանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ տարրական գիտելիքի և ՄԻԱՎ վարակվածների շրջանում խարանի/խտրականության գնահատում

Հաշվի առնելով երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի հետզհետե ավելացող դեպքերի թիվը, ինչպես նաև երիտասարդներին դիտարկելով որպես ամենախոցելի խումբ՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացված հետազոտության միջոցով գնահատվել է ԵՊԲՀ ուսանողների շրջանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ գիտելիքի մակարդակը՝ համապատասխան հարցաթերթի միջոցով: Հարցաթերթը նախատեսված էր Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ և Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսերի ուսանողների համար: Հարցման արդյունքները ներկայացված են նկարում:

Վերլուծելով ստացված արդյունքները՝ կարելի է եզրակացնել, որ հարցմանը մասնակցած ուսանողները՝ ապագա բժիշկները, բավականին տեղեկացված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի մասին և կարող են մեծ դեր խաղալ աշխատանքային և ընկերական շրջապատում ստացված գիտելիքը ճիշտ կիրառելու առումով, ինչը կբարձրացնի հասարակության ընկալումը, գիտակցությունը և մեծ դեր կխաղա հետագայում սոցիալական առումով ևս: Վտանգավոր սեռական վարքագիծը, ինչպես, օրինակ, չպաշտպանված սեռական հարաբերությունները, բազմաթիվ սեռական կապերը, պահպանակների անտեսումը կամ թմրամիջոցների չարաշահումը չափազանց վճռորոշ են դեռահասների առողջության համար՝ նրանց բարձր ռիսկի ենթարկելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների առումով: Այնուամենայնիվ, ՄԻԱՎ-ի փոխանցման և վարակման կանխարգելումը պետք է կենտրոնանա վարքագծի և վարքագծային փոփոխությունների վրա, վերջ դնի խարանին և խտրականությանը՝ ապահովելով վարակի վաղ հայտնաբերումը և բուժումը: Գիտելիքը շատ կարևոր է օպտիմալ առողջություն ձեռք բերելու համար: Վերաբերմունքի ձևավորումը, ըստ էության, կախված է ոչ թե մարդու ստացած տեղեկատվության քանակից, այլ նրանից, թե ինչպես է այդ տեղեկատվությունը ձեռք բերվել: Մեր ուսանողների գերակշիռ մասը, ինչպես վկայում են հարցման արդյունքները, տիրապետում է վարակի փոխանցման վերաբերյալ տարրական գիտելիքին, սակայն ինչ վերաբերում է ՄԻԱՎ վարակված պացիենտին հավասար պայմաններով բուժօգնություն տրամադրելուն, այստեղ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն․ ապագա բժշկների 17%-ը չի պատրաստվում նույն բուժօգնությունը տրամադրել ՄԻԱՎ վարակվածին, ինչպես առողջին: Միաժամանակ հարցում է անցկացվել նաև ՄԻԱՎ վարակված պացիենտների շրջանում, որոնց 44%-ը խուսափում է բժշկին հայտնել իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, իսկ 66%-ը նախկինում ենթարկվել է խարանի և խտրականության:

Այս խնդիրը առիթ է տալիս մտահոգվելու, և, բացի առարկայական գիտելիք տրամադրելուց, նաև սոցիալական ներառական մոտեցումներ ուսուցանելու անհրաժեշտություն է առաջացնում: