Wege Prize-ը ամենամյա մրցույթը կազմակերպվում է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Գրենդ Րեփիդս քաղաքում գտնվող Ֆերրիսի նահանգային համալսարանի (Kendall College of Art and Design, Ferris State University) կողմից: Վերջինիս նպատակն է միջազգային հարթակում բարձրացնել աշխարհում առկա արդի բնապահպանական խնդիրները և առաջարկել շահավետ բիզնես-լուծումներ շրջանային տնտեսության կոնցեպտում: Այս տարի մրցույթին CarpeJur թիմի կազմում մասնակցում էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նաթելլա Ղարիբյանը։ Միջբուհական թիմի կազմում ընդգրկված էին ուսանողներ Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային և Երևանի պետական բժշկական համալսարաններից։
CarpeJur թիմի գաղափարը վերաբերում էր ձկնաբուծարանների աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելուն՝ միաժամանակ գործընթացում անընդհատ շրջանառելով օգտագործվող ջուրը (այստեղից էլ թիմի անվանումը, «բռնիր» ջուրը), ստեղծելով համաշխարհային շուկայում արժեքավոր արտադրանքներ և հիմնավորելով այն ուղիները, որով կլուծվեն տարբեր տարածաշրջանների շրջակա միջավայրում և բնակչության շրջանում արմատացած խնդիրներ:
Հերթական մրցաշրջանը սկսվել էր դեռևս 2017թ. հոկտեմբեր ամսից: CarpeJur թիմը 5 հաջողակ թիմերի ցանկում դարձել է եզրափակչի մասնակից և ներկայացրել իրծրագիրը՝ մեկնելով ԱՄՆ: Եզրափակչի արդյունքում թիմի անդամները իրենց առաջարկած նախագծի համար ստացան մրցանակ և դրամական պարգևատրումներ: Շնորհավորում ենք թիմին հաղթանակի առթիվ։